Երեքշաբթի Չինաստանի հարավում պաշտոնապես բացվել է աշխարհում ամենաերկար՝ 55 կմ երկարությամբ ծովային կամուրջը, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Այն միմյանց է կապել Հոնկոնգը, Մակաոն եւ Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չժուհայում տեղի ունեցած բացման արարողությանը մասնակցել են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը, Չինաստանի փոխվարչապետ Հան Չժենը, Գուանդուն նահանգի կուսկոմի քարտուղար Լի Սին եւ մոտ 700 հյուրեր:

Կամուրջով երթեւեկությունը թույլ կտա Հոնկոնգից Չժուհայ հասնելու ժամանակը 3 ժամից կրճատել մինչեւ 30 րոպե:

Նախնական հաշվարկներով՝ 2030 թվականին կամրջով օրական կանցնի ավելի քան 29 հազար տրանսպորտային միջոց եւ 120 հազարից ավելի ուղեւոր: Սպասվում է, որ այն զգալիորեն կնպաստի Մարգարտե գետի դելտայի տնտեսական գոտու երեք կարեւորագույն քաղաքների տնտեսական ինտեգրմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ Հոնկոնգում ու Մակաոյում տուրիզմին: