Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության գործունեության 20-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Թանկագի՛ն բարեկամներ,

 Այսօր նշում ենք «Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության 20-ամյակը, նշում ենք խորը զգացումներով:

Նախ եւ առաջ մեզ համակում են ցավն ու կսկիծը նրանց համար, ովքեր այսօր մեր կողքին չեն, ովքեր պահ անգամ չվարանեցին՝ կանգնելու հայրենիքի ու հարազատ ժողովրդի պաշտպանության դիրքերում եւ դասվեցին անհայտ կորածների շարքին:

Ամենօրյա քրտնաջան աշխատանքով, հայրենիքի շենացմանն ու զարգացմանն ուղղված գործունեությամբ դուք արժանիորեն շարունակում եք ձեր որդիների, եղբայրների եւ ամուսինների կիսատ թողած գործը, մեծապես նպաստում Արցախի պետականաշինությանը, մեր երկրում տարբեր հարցերի ու խնդիրների լուծմանը:

Այդ ամենի համար շնորհակալ ենք ձեզ եւ հպարտ, որ դուք կարողացաք ուժ գտնել ձեր մեջ, շտկել վշտից կորացած ձեր ուսերը, համախմբվել ու միասին, համատեղ ջանքերով շարունակել ապրել ու արարել՝ հանուն ազատ ու անկախ Արցախի զորացման ու բարգավաճման:

Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն եւ մեծագույն հաջողություններ ձեր հայրենանվեր աշխատանքում»: