Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության նման միջադեպերը կանխելու համար, հայտնում է Al-Arabia հեռուստաալիքը:

«Անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ երաշխավորելու համար, որ այն, ինչ տեղի ունեցավ, չի կրկնվի»,- ասել է երկրի ԱԳ նախարարը:

Ալ Ջուբեյրը հաստատել է, որ թագավորությունը պարտավորվում է կատարել Խաշոգջիի սպանության լիակատար քննություն:

Նա հավելել է, որ Խաշոգջիի մահվան համար պատասխանատու բոլոր անձինք կձերբակալվեն:

Հիշեցնենք, որ Washington post-ի մեկնաբան Ջամալ Խաշոգջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին, որ լրագրողը մահացել է հյուպատոսարանի շենքում ծեծկռտուքի հետեւանքով:

Այս գործով ձերբակալվել է 18 մարդ, որոնց հարցաքննում են, սաուդյան իշխանությունները ձգտում են պարզել ճշմարտությունը եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել: