Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն եւ հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար եւ բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների եւ միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Վարդան Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, մասնավորապես՝ նրա կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացվող ծրագրերը։

Շվեյցարահայ գործարարն իր հերթին ասել է, որ ինքն ու որդիները պատրաստ են տարբեր ծրագրերի միջոցով ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի եւ Արցախի զարգացմանը:

Նշելով, որ արտասահմանյան այցերի ընթացքում իր պարտքն է համարում մշտապես խոսել ու պատմել Հայաստանի մասին, նախագահ Սարգսյանը գերխնդիր է դիտարկել Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դարձնելը։ «Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն եւ կանխատեսելի երկիր, որտեղ հնարավոր է երկարաժամկետ ծրագրեր պլանավորել ու հաջողությամբ իրագործել»,-ընդգծել է Հանրապետության նախագահը։ Նա նաեւ կարեւորել է սփյուռքի երիտասարդ սերնդի ակտիվ կապը հայրենիքի հետ, նրա ներգրավվածությունը Հայաստանի զարգացման ծրագրերին։