Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական հարաբերությունները սրընթաց են զարգանում, սակայն դրանում առանցքային դերակատարում ունեն երկու երկրների մարզերը: Այս մասին հոկտեմբերի 12-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի Սարատովի փոխնահանգապետ Վադիմ Օյկինը:

Նրա խոսքով՝ «Եվրասիական շաբաթ» գործնական համաժողովին մասնակցելու համար Հայաստանում ներկայացվել են Սարատովի մարզի 5 ընկերություններ: Նա նշեց, որ ԵՏՄ անդամ երկրների հետ Սարատովի մարզի ընդհանուր ապրանքաշրջանառությունը հասնում է 124 մլն դոլարի, որից Հայաստանին բաժին է ընկնում միայն 4 մլն: «Սակայն պետք է ասեմ, որ անցյալ տարվա համեմատությամբ դինամիկան փաստացի կրկնակի մեծացել է»,- նշեց Օյկինը:

Ռուսաստանցի պաշտոնյան հայտնեց, որ Սարատովի մարզից Հայաստան են մատակարարում հիմնականում սննդի եւ հանքարդյունահանող արդյունաբերության սարքավորումներ: Իր մարզը ներկայացնելով՝ առաջին փոխնահանգապետը նշեց, որ նահանգի տարածքով են անցնում միջազգային տրանսպորտային միջանցքները, որոնք կապում են հյուսիսն ու հարավը եւ արեւմուտքն ու արեւելքը, մարզը սահմանակից է Ղազախստանին: «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում արդեն գոյություն ունեն հայ-սարատովյան 18 համատեղ ձեռնարկություններ»,- եզրափակեց ռուսաստանցի պաշտոնյան: