Սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիի մարմինը հայտնաբերվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսի նստավայրի տարածքում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը:

«Ստամբուլի անվտանգության ծառայությունում վստահելի աղբյուրն ինձ հայտնել է, որ Խաշոգջիի մարմինը հայտնաբերվել է ջրհորի մեջ, որը գտնվում է սաուդցի գլխավոր հյուպատոսի նստավայրի այգում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Washington post-ի մեկնաբան Ջամալ Խաշոգջին, որը 2017 թվականից ԱՄՆ-ում է բնակվում, անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին, որ լրագրողը մահացել է հյուպատոսարանի շենքում ծեծկռտուքի հետեւանքով:

Այս գործով ձերբակալվել է 18 մարդ, որոնց հարցաքննում են, սաուդյան իշխանությունները ձգտում են պարզել ճշմարտությունը եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել: