«Վերածնունդ» երիտասարդական ավանի ծրագրի շահառուները բողոքում են ծրագրի պայմանների փոփոխությունից, որի հետեւանքով շատերի համար մատչելի բնակարաններ անմատչելի են դարձել:

Բանն այն է, որ «Վերածնունդ» ավանը պետք է կառուցվեր «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն: Ծրագրի ղեկավարը ՀԿ նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանն է, իսկ Միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Սերժ Սարգսյանը:

«Վերածնունդ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար դեռեւս 1․5 տարի առաջվանից հերթագրվել են տարբեր բնագավառների1050 մասնագետներ, սակայն հոկտեմբերի 20-ին տարածված հայտարարությամբ, ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի շրջանակում: Այսինքն ծրագիրը փոխվում է եւ 1,5 տարի սպասող շահառուներից շատերը դուրս են մնում ծրագրից, քանի որ առաջարկվող ծրագրի չափանիշներին չեն համապատասխանում, նաեւ առաջարկվող պայմաններն են տարբեր:

Մասնավորապես, «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրով շահառուները պետք է պարտադիր մասնագետ լինեն, ունենան մշտական աշխատանք, ընտանեկան կարգավիճակը կարեւոր չէ: Այս ծրագրով մարդիկ նախօրոք հերթագրվում էին միայն նորակառույց շենքերում բնակարան գնելու համար, ընդ որում՝ շենքերը չկառուցված՝ արդեն հիպոթեքային վարկեր էին ստանում, մարումներ կատարում:

Իսկ ահա «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրով շահառու հանդիսացողներն անպայման պետք է ամուսնացած լինեն, ընդ որում, ամուսնական զույգերի գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը, եթե միայնակ են՝ ապա 35-ը:

ԵՊՀ շրջանավարտների միավորման՝ հոկտեմբերի 20-ին հրապարակած հայտարարությունում նշվում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի հետ մեր երկարատև բանակցությունների արդյունքում Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում, որի պայմանները ներկայացված են հետևյալ հղմամբ:

Ստացվում է, որ Կենտրոնական բանկը հրաժարվել է վերաֆինանսավորել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագիրը:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել, է, որ ինքը Լիբանանում է եղել, երբ մի նամակ է ստացել այդ թեմայով. «Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կնայենք, կշտկենք, կուղղենք»,-ասել է նա:

Իր հերթին պարզաբանում է ներկայացրել նաեւ ԿԲ-ն, որը իր երկար մեկնաբանության  մեջ ներկայացրել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի պայմանները, ապա հավելել. «Սա հնարավորություն է տալիս հասարակության ավելի լայն զանգվածներին ունենալու հավասար հնարավորություններ առաջարկվող հիփոթեքային ծրագրերից օգտվելու համար, այլ ոչ թե ստեղծել արհեստական արտոնություններ որոշ մասնագիտությունների ներկայացուցիչների համար միայն»:

Նշենք, որ նախօրեին «Վերածնունդ» ավանի շահառուների մի խումբ փակ հանդիպում է ունեցել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանի հետ: Նրանցից շատերը ստեղծված իրավիճակի համար մեղադրում են հենց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին, քանի որ հենց ՀԿ-ից են ամիսներ շարունակ շահառուներին հավաստիացրել, որ ծրագիրն անխափան իրականացվելու է:

Արսեն Քարամյանը ներկայացրել է իրավիճակը եւ ԿԲ-ի հետ բանակցությունները: Նա ավելի վաղ նշել է, որ «Վերածնունդ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար հերթագրված 1050 շահառուից շուրջ 35-40 տոկոսը չի հարմարվի նոր իրողություններին:

Ներկայումս «Վերածնունդ» ավանի շահառուները մտածում են նամակով դիմել ՀՀ վարչապետին ու ներկայացնել իրավիճակը բոլոր մանրամասնություններով: Քննարկվում է նաեւ բողոքի ակցիաներ անելու տարբերակը:

Թե ինչպես կհանգուցալուծվի խնդիրը, այս պահին դժվար է ասել, սակայն 1,5 տարի բնակարանի սպասող 1050 շահառուները, ըստ էության, էլի որոշ ժամանակ կմնան անորոշության մեջ:

Չի բացառվում, որ այս խնդրում կա նաեւ քաղաքական բաղադրիչ, քանի որ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագիրն իրականացնում է մի կազմակերպություն, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: