Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, ում կասկածում են Կիեւի կենտրոնում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ, հայտարարել է, որ բորբոքվել է հին բանակային վնասվածքը եւ իրեն անհրաժեշտ է կատարել  2 վիրահատություն:

Կիեւի Շեւչենկովսկու շրջանային դատարանը քննում է Սավչենկոյի կալանքի ժամկետը երկարացնելու դատախազության միջնորդությունը: Երկուշաբթի դատական նիստը չէր կայացել կասկածյալի փաստաբանների չներկայանալու պատճառով:

«Ես իսկապես 2 վիրահատության կարիք ունեմ, սա դեռեւս բանակից մնացած ծնկի հին վնասվածք է… այն պատճառով, որ հիմա քիչ եմ շարժվում, այն բորբոքվել է»,- նիստի ընդմիջմանը հայտարարել է Սավչենկոն, որի հեռարձակումն իրականացնում է УНН գործակալությունը: 

Նա նշել է, որ խոսք մենիսկի եւ կտրված կռճիկաձեւ ջլի մասին է: Պատգամավորը նշել է, որ բժիշկները խորհուրդ չեն տալիս վիրահատություն կատարել, քանի դեռ մեկուսարանում է գտնվում, քանի որ դրանց հաջորդում է երկարատեւ եւ ծանր վերականգնողական շրջանը: Բժիշկները նաեւ Սավչենկոյին խորհուրդ են տվել մարզասարքերի վրա մարզվել՝ վազքուղու, հեծանվի եւ թիավարման մարզասարքի, սակայն, նրա խոսքով, խցում ինքը նման հնարավորություն չունի: «Կարծում եմ, որ դեռեւս ցավին կդիմանամ»,- նշել է Սավչենկոն: