Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության փաստը հաստատված է, եւ այս հանցագործությունը մանրակրկիտ ծրագրվել էր: Այս մասին Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV-ն:

«Ցանկանում եմ պատմել Խաշոգջիի սպանության մասին, որի փաստը հաստատվել է: Վկայություններ կան, որ սպանությունը մանրակրկիտ ծրագրված էր: Հոկտեմբերի 1-ին՝ Խաշոգջիի մահվանից մեկ օր առաջ Ստամբուլ են ժամանել սաուդահպատակների երեք խմբեր: Նրանք գնացել են գլխավոր հյուպատոսարան, ինչպես նաեւ հետախուզության են գնացել Բելգրադյան անտառ եւ Յալովա նահանգ»,- ասել է նախագահը: