Պաշտոնական Բաքուն պատրաստ չէ կոնկրետ կառուցողական քայլերի գնալ ադրբեջանա–ղարաբաղյան  հակամարտության կարգավորման համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան NEWS.am–ի թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը։

«Շատ շնորհակալություն պարոն Մամեդյարովին այդքան «արժեքավոր» առաջարկի համար։ Ճիշտն ասած, այլ բան չէինք էլ սպասում։ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքում հստակ նկատվում է Բաքվին յուրահատուկ գիծը՝ մի կողմից ձևացնել, թե պաստրաստ են պայմանավորվել, իսկ մյուս կողմից չհրաժարվել դրված նպատակներից։ Ադրբեջանի իշխանությունների նպատակը Արցախը աստիճանաբար, անարյուն իրենց տարածքի մեջ ներառելն է։ Նման սցենարը ղարաբաղցիներին զրկում է որևէ իրավունքից, խաչ է քաշում Արցախի ապագայի վրա, իսկ հայ բնակչությունը արգելանքի ներքո ու առանձնացված կլինի։ Ադրբեջանի իշխանությունների նպատակն է «սպիտակ ցեղասպանություն» իրականացնել։ Սակայն այդ սցենարը չի իրականանալու։ Հետեւաբար, բոլոր հայտարարություններին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել, իսկ Արցախի բանակը եւ ժողովուրդը մշտապես ամբողջական մարտական պատրաստության վիճակում են գտնվում»,–շեշտեց Բաբայանը: