Իրավունքի ոլորտում խորհրդատվությամբ զբաղվում եմ 1996 թվականից, իսկ 2005 թվականից զբաղվում եմ փաստաբանական գործունեությամբ: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը:

«Փաստաբանական գործունեության ընթացքում մասնագիտացել եմ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների ոլորտում եւ մասնավորապես, այդ ոլորտի միջազգային ատյաններում ներկայացնելով: Մինչեւ 2013 թվականը իմ գործունեությունը ծավալել եմ Հայաստանում, 2013-ից ընտանիքով տեղափոխվել եմ Միացյալ Թագավորություն եւ իմ գործունեությունն իրականացրել եմ այնտեղից, որի զգակլի հատվածը վերաբերել է Հայաստանին»,-ասաց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ իր փաստաբանական գործունեության ընթացքում հատուկ տեղ են զբաղեցնում ընտրական վեճերով ՍԴ-ում ներկայացուցչության իրականացումը:

Նրա խոսքով, 2016 թվականից գրանցված է միջազգային  քրեական դատարանում որպես փաստաբան:

Վահե Գրիգորյանը տեղեկացրեց, որ 2005 թվականին իր նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:

Նա անդրադարձավ Սահմանադրական դատարանի վերաբերյալ իր տեսլականին՝ նշելով. «ՍԴ-ն կոչված է լինել պետության խիղճը, քանի որ իր առաջնային առաքելությունը մարդու անհատական, հիմնարար իրավունքների պաշտպանությունն է: Ինձ համար գլխավորը անհատական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն է, իսկ ՍԴ-ն այդ պաշտպանության վերջին կարգավիճակն է: Ինքս իրավունքի ոլորտով զբաղվում եմ դեռ ուսանող տարիներից, եւ, կարծում եմ, իմ մասնագիտական գիտելիքները եւ փորձառությունը համապատասխանում են դատավորի մասնագիտական չափանիշներին:

ՍԴ-ն, իմ դատարկմամբ, դարձել է օրենսդիր-գործադիր առանցքի գլխավոր հակակշիռը: ՍԴ-ն 015-ի Սահմանադրությամբ հենց այդպիսի կարգավիճակ է ձեռք բերել: Գործադիր եւ օրենսդիր մարմինները մեկ քաղաքական ուժի վերահսկողության տակ լինելու բերումով, Հայաստանը ժողովրդավարության ուղեծրում պահելու միակ լծակը լինելու է Սահմանադրական դատարանը: Սա ես մտահոգությամբ եմ արձանագրում: Ես այսօր չեմ տեսնում շահ, որ իշխանությունը դիմի Սահմանադրության փոփոխության այս առումով»,-ասաց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն կա: