Անհրաժեշտ է օրենք ընդունել, որը կարգելափակի ֆինանսական կորուստների տեսակետից Հայաստանի քաղաքացիների համար կործանարար դրույթները: Այս մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետ Արթուր Միսաքյանը՝ անդրադառնալով աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքին:      

Միսաքյանը շեշտեց, որ նախօրեին Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հանդիպման ժամանակ առաջարկվեց մինչեւ 2020 թվականը թույլ տալ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծումը:

Փորձագետը նշեց, որ սա թույլ կտա ներմուծել աջակողմյան ղեկով ավտոմեքենաների այն խմբաքանակները, որոնք արդեն ճանապարհին են կամ պատվիրվել են այդ ժամանակ: «Հակառակ դեպքում Հայաստանի քաղաքացիները կկանգնեն ֆինանսական մեծ կորուստների առջեւ»,- եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մարտի 1-ին ընդունել է «Հայաստան աջ ղեկով մարդատար ավտոմեքենաների ներկրման ժամանակավոր արգելքի մասին» օրինագիծը, որի համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը արգելվում է Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը, մինչդեռ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չի արգելվում: