Սաուդյան Արաբիան ճգնաժամային շրջան է ապրում՝ կապված Թուրքիայում սաուդցի լրագրող Խաշոգջիի միջադեպի հետ, թագավորությունում ոչ մեկը չի կարող դա բացատրել կամ արդարացնել, հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆալիխը՝ Էր Ռիադում բացելով Future Investment Initiative (FII) համաժողովի նստաշրջանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ճգնաժամային շրջանում ենք՝ Թուրքիայում տեղի ունեցած այդ վշտալի միջադեպի պատճառով: Թագավորությունում ոչ մեկը չի կարող դա արդարացնել կամ բացատրել: Մենք անչափ վշտացած ենք դրա համար, եւ թագավորն, իհարկե, հստակ հասկացրեց, որ քննություն կկատարվի եւ արդարությունը կհաստատվի»,- ասել է սաուդցի նախարարը:

Հիշեցնենք, որ Washington post-ի մեկնաբան Ջամալ Խաշոգջին, որը 2017 թվականից ԱՄՆ-ում է բնակվում, անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին, որ լրագրողը մահացել է հյուպատոսարանի շենքում ծեծկռտուքի հետեւանքով:

Այս գործով ձերբակալվել է 18 մարդ, որոնց հարցաքննում են, սաուդյան իշխանությունները ձգտում են պարզել ճշմարտությունը եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել: