Եվրասիական տնտեսական միությունում թվային դրամական շրջանառության ներդրումը թույլ կտա լուծել փողի պակասի հարցը: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարեց Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը՝ ելույթ ունենալով III Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովում:

Նրա խոսքով՝ ԵՏՄ պետությունները, որոնք առաջինը կներդնեն դրամական շրջանառության թվային տեխնոլոգիաները, ահռելի առավելություն կստանան:

«Եթե մենք կարողանանք ազգային արժույթների մակարդակում անցկացնել դրամի մակնշում, մեզ մոտ կբացվեն դրամական հոսքերի կառավարման զարմանալի հնարավորություններ: Այսպիսով, տնտեսության զարգացման համար փողի, վարկային միջոցների պակասի հավերժական  խնդիրը կլուծվի տեխնոլոգիական մակարդակում»,- նշեց ՌԴ նախագահի խորհրդականը:

Նա նշեց, որ փողերը թիրախային կլինեն, եթե արդյունաբերական կոոպերացիայի ընդլայնման համար արտոնյալ վարկեր տալու, ինովացիաները խթանելու ցանկություն կա:

«Մենք կկարողանանք թվային տեխնոլոգիաների միջոցով հասնել հենց այս նպատակներով փողի օգտագործմանը, դրանք անհնար կլինի փոխանակել արտասահմանյան արժույթի, օֆշորներ դուրս բերել եւ այլն»,- ասաց Սերգեյ Գլազեւը:

Հոկտեմբերի 23-ին Երեւանում մեկնարկեց III Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը: Երկօրյա համաժողովի աշխատանքին կմասնակցեն կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, գործարար շրջանակների եւ փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ, հայտնի համաշխարհային ընկերություններ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, Չինաստանից, Կատարից, Հարավային Կորեայից, Իրանից, Հնդկաստանից եւ այլ երկրներից: Համաժողովի կազմակերպիչներն են ՌԴ Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը եւ «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» կազմակերպության նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: