Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միությունում վերականգնել առաջատարությունը սարքաշինության եւ հաշվիչ տեխնիկայի ոլորտում: Այս մասին հոկտեմբերի 23-ին III Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը:

Նա կարեւորեց տեխնոլոգիական զարգացման, ԵՏՄ երկրների միջեւ արտադրական կոոպերացիայի հարցերի լուրջ քննարկումը:

«Պետությունների միջեւ ընդհանուր շուկա ստեղծելով, հիմա անհրաժեշտ է մտածել այն մասին, որ այդ ընդհանուր շուկայում մեր ապրանքները լինեն, ընդ որում՝ ոչ միայն հումքային, այլեւ եւ առաջին հերթին բարձր ավելացված արժեքով տեխնոլոգիական ապրանքներ»,- նշեց Գլազեւը:

Նրա խոսքով՝ Հայաստանն իրավամբ համարվում է հետխորհրդային տարածքում բարձրզարգացած երկիր, որտեղ երկար տասնամյակներ շարունակ ձեւավորվել է սարքաշինության, հաշվիչ տեխնիկայի, ընդհանրապես բարդ բարձրտեխնոլոգիական մեքենաշինության բազա, եւ հայկական տնտեսության այս եզրափակող գործառույթը դեռեւս խորհրդային տարիներին հիմնվել է վիթխարի կոոպերացիայի վրա, որին մասնակցել են հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր ձեռնարկություններ:

«Ուրախալի է տեսնել, որ Հայաստանի այս մասնագիտացումը այսօր վերականգնվում է, ընթանում է հայկական ձեռնարկությունների ակտիվ համագործակցություն «Ռոստեխ» կորպորացիայի հետ, որը միավորում է Ռուսաստանի մեծ թվով բարձրտեխնոլոգիական մեքենաշինական ձեռնարկությունների, մեր տնտեսության տեխնիկատնտեսական զարգացման առաջատարն է եւ ԵՏՄ ահռելի շուկա, որտեղ Հայաստանն ավանդաբար արտադրական կոոպերացիայի մեծաթիվ գործընկերներ ունի, ինչը, վստահ եմ, ահռելի հնարավորություններ կընձեռի հայկական տնտեսության վերելքի համար»,- ասաց ՌԴ նախագահի խորհրդականը:

Նա նշեց, որ այս պահին անհրաժեշտ է երկրների միջեւ ընդլայնել կոոպերացիան եւ վերականգնել  հայկական տնտեսության համար ավանդական առաջնորդի գործառույթը սարքաշինության եւ հաշվիչ տեխնիկայի ոլորտում: Կոոպերացիայի համար անհրաժեշտ կառույցներն արդեն կան՝ գործում է «Ինվեստֆոնդը», Արդյունաբերության զարգացման հիմնադրամը, Եվրասիական զարգացման բանը: Դրա հետ կապված Գլազեւն ընդգծեց այս ինստիտուտների հզորությունների բազմակի ամրապնդման կարեւորությունը:

«Անհրաժեշտ է նման ներդրումային հիմնադրամները բազմազան դարձնել, եւ այսպիսի հիմնադրամները որքան մեծաթիվ լինեն, այնքան լավ»,- ասաց Գլազեւը:

Հոկտեմբերի 23-ին Երեւանում մեկնարկեց III Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը: Երկօրյա համաժողովի աշխատանքին կմասնակցեն կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, գործարար շրջանակների եւ փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ, հայտնի համաշխարհային ընկերություններ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, Չինաստանից, Կատարից, Հարավային Կորեայից, Իրանից, Հնդկաստանից եւ այլ երկրներից: Համաժողովի կազմակերպիչներն են ՌԴ Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը եւ «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» կազմակերպության նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: