Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը երկուշաբթի՝ հոկտեմբերի 29–ին, երկրորդ անգամ կքննարկվի Ազգային ժողովում։

Լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ արտահերթ նիստը կկայանա ժամը 11։00–ին։

«35 ստորագրությամբ մենք այս փաթեթը կհանձնենք քարտուղարություն, ինչը նշանակում է, որ երկուշաբթի օրը կունենանք արտահերթ նիստ»,– ասաց պատգամավորը։

Նշենք, որ ստորագրահավաքը նախաձեռնել են «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն: Նշենք, որ օրենքը սահմանադրական է, և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն: