Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնեւում աշխատանքային հանդիպում է ունեցել սինգապուրյան խոշորագույն «Vertex Venture Holdings» վենչուրային ընկերության, շվեյցարական «Swiss Sustainable Finance», գերմանական հանրահայտ «Siemens» ընկերությունների խմբի մեջ մտնող «Siemens Financial Services» կազմակերպության ղեկավարության հետ։

Հանդիպման նպատակն արտերկրի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտին, տարբեր ոլորտներում համագործակցության ծավալման հեռանկարներին ծանոթացնելն էր:

Քննարկվել են նշված ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նրանց փորձը մեր երկրում ներդնելու, ինչպես նաեւ հայաստանյան ընկերությունների հետ նախագծեր իրականացնելու հնարավորություններին։

Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան այցելելու եւ համագործակցության շուրջ կառավարության հետ քննարկումներ ծավալելու վերաբերյալ։

Հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առավել արագ զարգացող եւ հեռանկարային ուղղությունները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, հանդիսանալով ԵՏՄ անդամ, կարող է շատ կարեւոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵՏՄ անդամ երկրների միջեւ, հատկապես որ դրա համար առկա են բոլոր պայմանները:

«Vertex Venture Holdings»-ը վենչուրային ֆոնդերի համաշխարհային ընկերություն է, որը գլխավորապես կենտրոնացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ու առողջապահության ոլորտներում վենչուրային ներդրումների հնարավորությունների վրա:

«Swiss Sustainable Finance»- ը միավորում է 110 անդամ եւ գործընկեր կազմակերպություններ, այդ թվում՝ շվեյցարական բանկերը։ Նրա գործունեությունն ուղղված է «մաքուր տնտեսության» գաղափարին եւ մաքուր ինդուստրիայի զարգացմանը, ինչն այսօր արդիական խնդիր է Հայաստանի համար։

«Siemens Financial Services» ընկերության հետ քննարկվել է էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների ոլորտներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ նշվել է, որ Հայաստանը, որպես ԵՏՄ անդամ, կարող է կամուրջ լինել դեպի եվրասիական շուկաներ։