ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 23-ին  աշխատանքային այցով  «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում էր:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել  ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։

Այնուհետեւ նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ  տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝  ընկերության ղեկավար եւ ինժեներական անձնակազմի մասնակցությամբ։

Գարեգին Բաղրամյանն ընդգծել է ընկերության նախանշած ծրագրերը  սահմանված ժամկետներում եւ որակով իրականացնելու կարեւորությունը: Այդ համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է եղել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ի ենթակայանների վերազինման ծրագրերին:

Անդրադառնալով էներգահամակարգում տեղի ունեցող կառուցվածքային եւ ծախսային օպտիմալացման գործընթացին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն ինչպես համակարգի խնդիրների լուծմանը, այնպես էլ մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը: