Ռուսաստանը ոչ մի տեսակի հակամարտության կարիք չունի, եւ նրա հետեւողական դիրքորոշումն այնպիսին է, որպեսզի այսօրվա դրությամբ հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող հակամարտությունները կարգավորվեն բանակցությունների, խորհրդակցությունների եւ փոզիջումներ գտնելու ճանապարհով: Այս մասին հոկտեմբերի 23-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի նախագահի խորհրդական, տնտեսագետ Սերգեյ Գլազեւը:

Նրա խոսքով՝ Մոսկվան անչափ շահագրգռված է, որ ոչ մի հակամարտություն չլինի: «Մեզ անհրաժեշտ է կայուն բարերար զարգացում: Դուք տեսնում եք, որ տնտեսության եւ քաղաքական ոլորտի միավորման հարցերին մենք մոտենում ենք հիմնվելով բացառապես փոխադարձ շահերի, կամավորության, համատեղ տնտեսական հնարավորությունների ծավալման վրա, եւ Եվրասիական տնտեսական միությունը բոլորի համար բաց է»,- նշեց Գլազեւը:

Նա վստահություն հայտնեց, որ եթե ԵՏՄ-ն ընդգրկեր հետխորհրդային տարածքի բոլոր երկրներին, ապա հակամարտությունները շատ ավելի քիչ կլինեին: