Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել հոկտեմբերի 20–ին իրենց կենտրոնում նորածնի մահվան վերաբերյալ։

«Սույն թվականի հոկտեմբերի 20–ին «Շենգավիթ» ԲԿ է ընդունվել 23 տարեկան Տաթև Ահարոնի Հովսեփյանը` ծննդալուծման:

Առաջին փուլը (ակտիվ կծկանքների շրջան) ընթացել է առանց բարդությունների, սակայն երկրորդ փուլի սկզբում (ճիգային շրջան) պտղի գլխի ծկլթման ժամանակահատվածում (պտղի գլուխը փոքր կոնքի հատակում է) խիստ տուժել է պտղի սրտի բաբախը:

Անհապաղ իրականացվել է ծննդալուծում վակումային էքստրակցիայի ճանապարհով:

Պտուղը ծնվել է կարճ պորտալարով, ծանր ասֆիկցիայով: Չնայած իրականացված ինտենսիվ վերակենդանացման միջոցառումների նորածինը մահացել է:

«Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինությունը և ողջ անձնակազմը խորապես ցավում է նորածնի մահվան կապակցությամբ և իր ցավակցությունն է հայտնում հարազատներին:

«Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինությունը խնդրում է ԶԼՄ-ներին մինչև դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքների հրապարակումը զերծ մնալ հուզական, ոչ ստույգ տեղեկատվության տարածումից, գնահատական տալուց:

«Շենգավիթ» ԲԿ-ը հանդիսանում է երրորդ մակարդակի ծննդատուն և ընդունում է ամենաբարդ դեպքերը: Ի պատասխան ԶԼՄ-ներում տեղ գտած հայտարարությունների, առ այն որ «Շենգավիթ» ԲԿ-ում հաճախ են նորածնային մահացությունները պաշտոնապես տեղեկացնում ենք, որ 2017 թ․ հանրապետական պերինաթալ մահացությունների ցուցանիշը եղել է 19‰ (պրոմիլե), իսկ մայրաքաղաքայինը՝ 25/8‰ (պրոմիլե), միևնույն ժամանակահատվածում Շենգավիթ ԲԿ-ում պերինաթալ մահացությունները եղել են 6.06‰ (պրոմիլե), իսկ 2000 թվականից մինչ այսօր մայրական մահացության դեպք չի եղել:

Նշենք, որ նորածնի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հիվանդանոցի բժշկուհի Արաքս Հակոբյանին։