Երեւանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում ուսանողուհին հարված է ստացել գլխին եւ որովայնին, իսկ դանակահարության եւ երակները կտրելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին NEWS.am–ին ասաց համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանը։
Նա պատմեց, որ ուսանողուհին դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց, բուժօգնություն ստացել, իսկ այժմ ոստիկանությունում է, բացատրություն է տալիս։
«Դեպքը եղել է համալսարանի 5–րդ հարկում գտնվող լսարաններից մեկում, ուսանողուհին մեզ տեղեկացրեց, որ իրենց հաղորդագրության միջոցով հրավիրել են այդ լսարան։ Թե ով է վնասվածքը հասցրել, մենք չգիտենք։ Մեզ միայն ասաց, որ պարբերաբար հաղորդագրություններ է ստացել հեռախոսին։ Այլ մանրամասներ մենք չգիտենք։ Մի բան էլ նշեմ՝ մամուլի հրապարակումները, թե դանակահարություն է եղել, երակներն են կտրել, իրականությանը չի համապատասխանում, նման բան չկա»,– ասաց պրոռեկտորը։
Նշենք, որ դեպքով այժմ իրավապահներն են զբաղվում։