Ազգային ժողովի Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պարզաբանել է, թե ինչու էր անհրաժեշտ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը եւ ինչու է անհրաժեշտ, որ Ազգային ժողովը վաղը նրան չընտրի վարչապետ;

Խմբակցության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում սրա առնչությամբ գրել է. « Ծրագիրը հետեւյալն է. Սահմանադրության համաձայն` որպեսզի Ազգային ժողովը լուծարվի, անհրաժեշտ է, որ Ազգային ժողովում 2 անգամ ոչ ոք վարչապետ չընտրվի: Միայն այդ պարագայում ԱԺ-ն կլուծարվի եւ կնշանակվեն նոր ընտրություններ` դեկտեմբերի 9-ին: Հետեւապես վաղը եւ դրանից 7 օր հետո էլ պետք է ոչ ոք չընտրվի:

Այդ դեպքում հարց է առաջանում ինչո՞ւ ենք առհասարակ առաջադրում թեկնածու: Խնդիրն այն է, որ Սահմանադրության մեջ գրված է, որ եթե ԱԺ-ում առաջին անգամ վարչապետ չի ընտրվում, ապա ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ 7 օր հետո, անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Հիմա, քանի որ Սահմանադրության մեջ գրված է հենց ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ բառը, ապա ենթադրվում է, որ պետք է գումարիվի նիստ եւ լինի քվեարկության պրոցես, իսկ եթե ոչ մեկ չի առաջադրվում, ապա չի գումարվում նիստ եւ քվեարկություն էլ չի լինում, ինչը հետագայում ԱԺ-ն լուծարելու ժամանակ կարող է իրավական անիմաստ բանավեճի առիթ դառնալ: Եվ որպեսզի ապահովենք գործընթացի միանշանակությունը, ստիպված էինք առաջադրել` բայց ձեռնպահ քվեարկելու մտադրությամբ, որպեսզի չընտրվի»: