Ինձ կապում են հին իշխանությունների հետ, բայց հին իշխանությունները 2007 թվականից մինչեւ 2016 թվականը դատ էին բացել իմ դեմ՝ մինչեւ Եվրադատարան, Հյուսիսային պողոտայում իմ տների հարցով։ Դատական  հարցը վերջերս օրենքի կոպիտ խախտումով վերանայվել է. այդ բոլոր դատերը՝ նորից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին,  լրագրողներին ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Նա պարզաբանեց, որ դատարանը կառավարության եւ քաղաքապետի որոշումները համարել է անվավեր, ինքը երրորդ կողմ է. «Եղել է աճուրդ, աճուրդով ես գնել եմ այդ հողը։ Կառավարությունը տվել է, ես գնել եմ։ Փաստորեն, կառավարությունը եւ քաղաքապետարանը տարվել են դատը, որը ուղիղ ազդել է ինձ վրա»։

Այդ դատը 8 տարի տեւել է, ասաց Արա Աբրահամյանը, ինքը հույս է ունեցել, որ վերջացել է, արդեն մտադիր էր Հյուսիսային պողոտայի շենքերը շահագործման հանձնել, 3 խոշոր ընկերություն ուզում էին առեւտրի կենտրոնը վարձով վերցնել, բայց  3 ամիս առաջ դատական որոշմամբ ամեն ինչը չեղյալ  համարվեց. «Հողակտորներից մեկը չեղյալ են համարում, որ դա տեխնոլոգիայի մի մասն է»։

Նա ասաց, որ գործի վերաբացումը չի կապում նոր իշխանությունների հետ, չգիտի՝ ինչի յհետ է կապված։ 

«Այնպես չէ, որ հին իշխանության ժամանակ ես ինչ–որ առավելությւոն եմ ունեցել կամ ես այստեղ եկել էի՝ բիզնես անեմ, փող աշխատեմ։ Հավատացեք, ես շատ լավ գիտեմ, որտեղ կարող եմ աշխատել եւ ինչ արդյունավետությամբ։ Ես եկել էի, որ մարդիկ տեսնեն, որ կարող են գալ եւ ներդրում կատարել»,–ասաց Արա Աբրահամյանը։

Նա մտադիր է վաճառել կամ վարձով տալ Հյուսիսային պողոտայի իր շինությունները, բայց դատական խնդիրները ետ են պահում. «Հիմա պատկերացրեք՝ ես դա վաճառեմ, վաղը դատարանը որոշում կայացնի, որ ես սխալ տեղը սխալ շենք եմ կառուցել։ Եվ գան՝ ասեն դուք ոնց եք վաճառել։ Գիտես ինչ կա, ես մեղավոր չեմ, ինձ տվել են, ես վաճառել եմ»։ 

«Այսօր կայունություն է պետք, համերաշխություն, օրենքը պետք է գործի այս երկրում»,–ասաց Արա Աբրահամյանը։