Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Թեկնածուների առաջադրման համար նախատեսված 7–օրյա ժամկետի վերջին օրը «Ելք» խմբակցությունը Ազգային ժողովին է ներկայացրել Փաշինյանի թեկնածությունը։

Մյուս երեք խմբակցություններից  ոչ մեկը թեկնածություն չի առաջադրել։ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ հավատարիմ մնալով Ծառուկյանի և Փաշինյանի միջև կնքված հուշագրին, չի քվեարկի։ «Հանրապետականը» քվեարկության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել։

Դաշնակցությունը դեռևս չի որոշել՝ ինչպես է քվեարկելու։

Ավելի ուշ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառումներով բացատրել  է՝ ինչու է անհրաժեշտ Փաշինյանի թեկնածությունը ֆորմալ առաջադրելը, և ինչու նա վաղը պետք է չընտրվի։ Որպեսզի Ազգային ժողովը լուծարվի, անհրաժեշտ է, որ այն երկու անգամ չընտրի վարչապետ: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու ընդհանրապես առաջադրել թեկնածություն: Խնդիրը Սահմանադրությունն է, որտեղ գրված է՝ եթե առաջին անգամ վարչապետ չի ընտրվում, ապա քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Սա նշանակում է, որ վարչապետը պետք է չընտրվի քվեարկության արդյունքում։ Հետևաբար, քվեարկությունն անհրաժեշտ է, որպեսզի գործընթացի օրինականությունը հետագայում կասկածի տակ չդրվի։

Մեկ շաբաթ անց, եթե Ազգային ժողովը երկրորդ անգամ վարչապետ չընտրի, խորհրդարանը իրավունքի ուժով կլուծարվի և արտահերթ ընտրությունները, ըստ Լենա Նազարյանի, կնշանակվեն դեկտեմբերի 9–ին։

Այսօր լրացավ 21–օրյա ժամկետը, որի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը կարող էր դիմել Սահմանադրական դատարան՝ Ազգային ժողովի Կանոնակարգ–օրենքում փոփոխությունները, որոնք հոկտեմբերի 2–ին ընդունվեցին թեժ մթնոլորտում՝ Փաշինյանի կողմնակիցներով պաշարված Ազգային ժողովի նիստում։ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան դիմելու մասին հայտարարել է վերջին պահին։ Նա հայտարարել է, որ ընդունված օրենքում առկա են առերևույթ սահմանադրաիրավական խնդիրներ, և ինքը որոշել է դիմել մայր դատարան՝ օրենքի՝ սահմանադրականությունը որոշելու համար:

Չնայած Նիկոլ Փաշինյանը Դուշանբեից վերադառնալուց հետո հայտարարեց, որ Ալիևի հետ բանավոր համաձայնություն է ձեռք բերել շփման գծում լարվածությունը թուլացնելու վերաբերյալ, Ադրբեջանը շարունակում է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ։ Արցախում հակառակորդի կրակոցից 19–ամյա զինծառայող է վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի կեսօրին։ Հայկ Սարգսյանը տեղափոխվել է հոսպիտալ: Նրա վիճակը բավարար է:

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատավարությունը։ Մինչև նիստը լրագրողների հետ զրույցում Հայկ Սարգսյանն ասել է՝ մեղադրանքն անհիմն է։

Նիստը շատ կարճ է տևել։ Նիստին չէր ներկայացել տուժող, «Կենտրոնի Կյաժ» մականունով Դավիթ Սիմոնյանը, որը դատախազություն հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 11 տարի առաջ իր վրա կրակել եւ մարմնական վնասվածք է պատճառել Հայկ Սարգսյանը։ Դատարանը որոշել է հաջորդ նիստին նրան բերման ենթարկել։

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բրյուսովի անվան համալսարանում։ Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ անդամ Իզաբելլա Աբգարյանը Ֆեյսբուքւոմ գրել է, որ շենքի ներսում ուսանողուհիները հարցեր են պարզել, և ըստ վարկածներից մեկի, երակները կտրելով՝ die, անգլերենից թարգմանաբար՝  մեռի փորագրել աղջիկներից մեկի ձեռքին։ Ոստիկանությունը ստուգում է կատարվածի հանգամանքները։ Համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ ուսանողուհուն 5–րդ հարկի լսարան կանչել են sms հաղորդագրության միջոցով, իսկ թե ով է վնասվածքը հասցրել, իրենք չգիտեն։ Պրոռեկտորը ընդունեց, որ ուսանողուհին վնասվածքներ է ստացել, սակայն հերքեց դանակով երակները կտրելու մասին լուրը։

Դոլարը շարունակում է թանկանալ։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 23-ին կազմել է 484, եվրոյինը՝ 556, բրիտանական ֆունտինը՝ 629 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան աճել է՝ կազմելով 7.42 դրամ։

Հոկտեմբերի 24-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ։ Երեւանում նույնպես կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն: