2016 թ–ին պատրաստվում էի մասնակցել Աժ ընտրություններին, բավական լավ պատրաստվել էի, ինչ–որ պատճառով չմասնակցեցի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Հիմա ես անձամբ չեմ պատրաստվում, բայց բոլոր ժամանակներում ես մասնակցել եմ որպես հասարակական գործիչ, որպես Աբրահամյան Արա եւ իմ նպատակը մեկն է՝ այս երկրի կայունությունը եւ զարգացումը։ Եթե ես որեւիցե ժամանակ հնարավորություն ունենամ այս երկրին օգնել, մաքսիմում հնարավորությունների սահմանում կանեմ»,–ասաց նա։

Չմասնակցելու պարագայում քաղաքական որեւէ ուժի աջակցելու մասին կմտածի. «Լավ է, որ հիշեցրեցիք»,–ասաց նա։ 

Ինչո՞ւ է պակասեցրել այցերը Հայաստան հեղափոխությունից հետո. Հայաստանի հին իշխանությունների հետ հարաբերությունները շատ լավ են եղել, եւ հիմա էլ լավ են, իր գործը աշխատելն է, իշխանությունը ժամանակավոր բնույթ է կրում, այստեղ իր բարեկամներն են, եկել է եւ գալու է, ով ուզում է լինի իշխանության, ինչքան ուզում է՝ լավ կամ վատ վերաբերվի։

Արա Աբրահամյանն ասաց, որ ոչինչ չի արել, որ որեւէ երկրի իշխանություն իրեն արգելի այցելել՝ Ադրբեջանն ու Թուրքիան ներառյալ։