Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները պայմանավորվել են ընդլայնել Սիրիայի հարցով համակարգումը։ Այս մասին երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հարցերից մեկը, որ մենք քննարկել եւ եկել ենք համաձայնության, այն է, որ որոշել ենք ընդլայնել Սիրիայի հարցով համակարգումը։ Ինչ վերաբերում է Իդլիբին, քննարկել ենք նաեւ այդ հարցը։ Ես կրկնել եմ այն, ինչ ասել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ պետք է այնտեղ խուսափել հումանիտար աղետից։ Ռուսաստանի, Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրերը կատարվում են, թեեւ շատ չլուծված հարցեր կան։ Իդլիբը սիրիական հակամարտության խնդիրներից մեկն է»,- հայտարարել է Բոլթոնը։

 

ԱՄՆ-ի դուրս գալը ՓՄՀՀՈՊ-ից

Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը ՓՄՀՀՈՊ-ից դուրս գալուց հետո դեռեւս հեռու կմնա ամերիկյան հրթիռները Եվրոպայում տեղադրելու հարցի լուծումից։ Նա ասել է, որ ԱՄՆ-ը դեռեւս պայմանագրից դուրս գալու պաշտոնական հայտարարություն չի արել։

Նա նշել է, որ միայն Վաշինգտոնն էր հավատարիմ այդ պայմանագրի պահանջներին, իսկ փաստաթուղթն էլ արդեն հնացել է․ «Պայմանագիրը խախտվել է, պայմանագիրը հնացել է, եւ պայմանագիրը չի ընդգրկում բոլոր շահագրգիռ կողմերին»։

Բոլթոնն ասել է, որ ՓՄՀՀՈ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը սպառնալիք չէ՝ ի տարբերություն եվրոպական տարածքում ռուսական հրթիռների։

Նա նաեւ ընդգծել է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը չի խախտում գլոբալ անվտանգությունը, եւ այդ պայմանագիրը ռազմավարական նոր իրականություն չի նախատեսում։

 

Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունն ամերիկյան ընտրություններին

Բոլթոնը նշել է, որ Մոսկվայում հանդիպման ընթացքում ինքը խոսել է նաեւ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին։ Նրա խոսքերով նման միջամտությունը վնասում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններին, ապա հավելել է, որ Ռուսաստանի միջամտության պատճառով Ամերիկայում «թշնամանք» է ծագել, ինչը, փաստորեն, արգելափակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը։

 

Պատժամիջոցներ

Ջոն Բոլթոնը նշել է, որ ԱՄՆ-ը, Բրիտանիայում քիմիական զենքի գործածության հետ կապված, Ռուսաստանի համար նոր պատժամիջոցներ դեռեւս չի սահմանել։

«Կարող եմ ասել, որ մենք ուսումնասիրում ենք մեր օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները, սակայն պատժամիջոցների մասին որեւէ բան չենք որոշել»,- հայտարարել է նա։