Կոռուպցիայի հետ առնչություն ունեցած որեւէ պաշտոնյա չի կարող Հայաստանում մեր իշխանության տարիներին զբաղեցնել պաշտոն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, արյան հետ առնչություն ունեցած որեւէ պաշտոնյա չի կարող տեղ զբաղեցնել մեր իշխանության մեջ. «Երրորդ, անարդյունավետ կառավարում ցույց տված պաշտոնյաները չեն կարող լինել իշխանության մեջ: Սա վերաբերում է ոչ միայն նախկիններին, իսկ ո՞վ է ասում, որ նոր պաշտոն ստացողները հրեշտակներ են: Ես այս ընթացքում անտանելի հիասթափություններ ու սթրեսներ եմ ապրել, երբ մարդիկ հանդես գալով որպես հեղափոխության պաշտպան, ամենասկզբունքային անձինք, մի քանի շաբաթվա մեջ քանդուքար են եղել: Ես չեմ կարող այս մասին չասել: Դա անազնիվ կլինի ժողովրդի առջեւ: Այս կտրվածքով, ինձ համար բացարձակապես տարբերություն չկա՝ նախկին, թե ներկա: Մենք իրավունք չունենք որեւէ ընկերական, ազգակցական կապ ավելի բարձր դասել, քան այն արժեքները, որ ստեղծել ենք: Դա կլինի ուղիղ դավաճանության ժողովրդի ու պետության նկատմամբ»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա դիմեց կառավարությանը քննադատողներին ասելով. «Ձեր ամեն մի քննադատություն շատ ուղիղ ընկալվում է, վերլուծվում է, հետեւություններ են արվում: Բայց նույնիսկ այդ պարագայում մենք չենք մտածում, որ մենք պետք է լինենք այնպիսի կառավարություն, որին պետք է չքննադատել: Այն, ինչ անում ենք, որեւէ մեկը դրա փորձը չունի: Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, աշխարհում այդպիսի փորձ չկա, բանաձեւ չկա:

Ես ողջունում եմ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, այն լրատվամիջոցներին, որոնք խոշորացույց տակ են առնում պաշտոնյաների գործունեությունը, ունեցվածքը:

Մյուս կողմից ես հույս ունեմ, որ որեւէ մեկը չի ուզում Հայաստանում տեսնել անողնաշար, անկարծիք, որոշումներ կայացնելու անընդունակ, ամեն քննադատությունից ճկվող, ամեն հարվածից քանդվող, նոկաուտի ենթարկվող կառավարություն: Ցանկացած երկրի համար ամենամեծ աղետը թույլ կառավարությունն է, թույլ ղեկավարն է: Մեր իշխանությունը երբեք չի լինելու թույլ, այնտեղ որտեղ պետք է հարվածի, հարվածելու է, այնտեղ, որտեղ պետք է հարվածներ ստանա, ստանալու է եւ ամուր կանգնելու է ոտքերի վրա»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը: