Քվեբեքի իշխանությունները ցանկանում են ընդլայնել արգելված կրոնական խորհրդանիշների ցուցակը, որոնք չի կարելի կրել պետական ծառայողներին. ցուցակը կհամալրի չադրան, հայտնում է CBC-ն:

Կառավարությունը, որի կազմում մեծամասնություն են կազմում «Կոալիցիա հանուն Քվեբեքի ապագայի» աջ կենտրոնամետ կուսակցության ներկայացուցիչները, արդեն հայտարարել է պետական ծառայողներին, այդ թվում՝ ոստիկաններին, ուսուցիչներին եւ դատավորներին աշխատանքի ժամերին կրոնական ատրիբուտով հագուստ հագնելու արգելքի օրենք ընդունելու ծրագրերի մասին: Ի տարբերություն փարանջայի՝ չադրան նախկինում այս ցուցակի մեջ չէր մտնում: Կուսակցությունը մտադիր է համապատասխան օրենքն ընդունել հնարավորինս արագ:

Քվեբեքի ընտրություններում հոկտեմբերի 1-ին հաղթել է «Կոալիցիա հանուն Քվեբեքի ապագայի» կուսակցությունը, որի առաջնորդ եւ երկրի նոր վարչապետ Ֆրանսուա Լեգոն ընտրվելուց անմիջապես հետո հայտարարել է, որ կուսակցությունը «հանուն քվեբեքյան արժեքների պաշտպանության» օրենք կընդունի, որով պետական ծառայողներին կարգելվի կրոնական ատրիբուտներով հագուստ հագնել:

Մոնրեալում հոկտեմբերի սկզբին տեղի են ունեցել բողոքի ցույցեր ընդդեմ իշխանությունների նման մտադրությունների, ինչը կառավարությանը ստիպել է որոշակի զիջումների գնալ: Այդ ժամանակ հաղորդվել էր, որ կուսակցությունը պատրաստ է բոլոր ուսուցիչներին, որոնք հիմա հիջաբ կամ այլ կրոնական հագուստ են հագնում, ապագա օրենքը չկատարել եւ միաժամանակ խուսափել այդ պատճառով աշխատանքից հեռացվելուց: Սակայն բոլոր նոր ընդունվող մանկավարժներին խստորեն կարգելվի պետական դպրոցներ կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ գալ նման հագուստով: Մեղմացումները չեն վերաբերի պետական ծառայողների մյուս կարգերին, այդ թվում՝ ոստիկաններին եւ դատավորներին: