Հրաբուխը դեռ ընթացքի մեջ է եւ իմ կարծիքով գալիք խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, բայց անցումային փուլն ապահովելու է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին:

«Հույսը կա, Նիկոլը հույսը տվել է, դրանում կասկած չկա, հալալ իրեն, բայց հավատը չկա: Ներքին ու արտաքին անվտանգության համար անհրաժեշտ են «Սասնա ծռերի»  պես հավատարիմ նվիրյալներ, որպեսզի կարողանան այդ անվտանգությունն ապահովել, որոնց համար հայրենիքն ու ժողովուրդը մեծագույն պարգեւ են»,-ասաց նա:

Պավել Մանուկյանը հայտարարեց, որ ոչ մի դեպքում՝ չի դառնա «Սասնա ծռեր» կուսակցության անդամ. «Ով ասաց, որ չեմ փորձելու մտնել քաղաքականություն: ես լինելու եմ այնտեղ, որտեղ իմ ժողովրդի ճնշված իրավունքն է: Ես «Սասնա ծռերի» հերոսական արաքը համարում եմ անհրաժեշտություն: Մենք բռնագաղթը կանխեցինք»,-ասաց նա: