Նախորդ առաջադրման ժամանակ ես չհասցրի ասել այն ամենը, ինչը կցանկանայի ասել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԺ-ում վարչապետի ընտրության երկրորդ փուլի ժամանակ ինքը կրկին առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու:

«Մասնավորապես, տնտեսական ոլորտին անդրադառնալու ժամանակ չմնաց: Չեմ բացառում, որ նաեւ տնտեսական ներկա իրավիճակի եւ զարգացման ռազմավարությանն անդրադառնալու, նաեւ այլ քաղաքական նկատառումներով առաջադրվեմ վարչապետի թեկնածու»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ առաջադրումների ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 31-ին, իսկ ԱԺ նիստը կայանալու է նոյեմբերի 1-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել: Հոկտեմբերի 24-ի նիստում վարչապետի թեկնածու էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանը, սակայն չէր ընտրվել:

Եթե երկրորդ փուլում էլ նա չընտրվի վարչապետ, ապա խորհրդարանը պետք է լուծարվի եւ նշանակվեն արտահերթ ընտրություններ:

Իսկ եթե խորհրդարանն այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, ապա ԱԺ լուծարումը օրակարգից դուրս կգա կամ առնվազն կհետաձգվի: