Ես այն կարծիքին եմ, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացելու անհրաժեշտություն կա, միշտ եղել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, քանի դեռ բոլորի միջից դուրս չի եկել կասկածը, քանի դեռ կասկածը կրծում է մեր սիրտն ու հոգին, անհրաժեշտություն կա վերջնականապես բացահայտելու գործը:

«Կարծում եմ՝ Նիկոլ  Փաշինյանը մեծ ցանկություն ունի եւ մեծ կամք է դրսեւորելու ապագայում… Եթե ոչ իր օրոք, ապա երբ սպասել, որ կարող է այս գործը վերաբացվել, վերաքննվել: Այլ հարց է, թե որքանով կհասնենք արդյունքի կամ ինչ արդյունքի կհասնենք, դա կերեւա ապագայում, բայց որ հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի ոչ միայն «Հոկտեմբերի 27-ը», այլեւ չբացահայտված բազմաթիվ այս տեսակի ոճիրներ բացահայտելու՝ սկսած «Մարտի 1»-ով, «Հոկտեմբերի 27»-ով, բազմաթիվ այս սպանություններ, որոնք տարօրինակ կերպով չբացահայտվեցին:

Մարդ ոնց կարող է կրակել իր սրտին, հետո գլխին եւ ինքնասպան լինել»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞ւմ է համարում «Հոկտեմբերի 27»-ի պատվիրատու, Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Անձամբ որեւէ մեկին չեմ տեսնում: Եթե ես իմանամ, որ որեւէ մեկն ինքն է կատարել, կարծում եմ՝ էնքան նամուս ու թասիբ ունեմ, որ իմանալով, որ ինչ-որ մեկը կատարել է, ես իմ հաշիվները կմաքրեմ: Կասկածներ, որ եղել են նաեւ մարդիկ, որ կամ ուղղորդել են, կամ չեն ցանկացել, որ բացահայտվի ամբողջովին: Կա նաեւ շահերի բախում, կան պետական շահեր, պետությունների շահերի բախում, որոնք կարող են թույլ չտալ կամ չցանկանալ, որ բացահայտվի: Այդ շահերի բախումը կբացահայտի քննությունը, որին չի խոչնդոտի որեւէ մեկը»: