Ես չեմ կասկածում, որ այս բեմադրությունը կխաղան եւ արտահերթ ընտրություններ կնշանակեն: Այս մասին «Ленте.ру»-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հերթական հաղթանակը, որը խորհրդարանին համոզել է արտահերթ ընտրությունների գնալ:

«Դրա մեջ զարմանալի ոչ մի բան չկա, քանի որ մյուս ուժերը բավարար քաղաքական կամք չդրսեւորեցին եւ իրար հետ չհամագործակցեցին՝ դա թույլ չտալու համար»,- նշել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ սա բեկումնային պահ է՝ վարչապետը իշխանությունը համախմբում է, ինչի ադյունքում Հայաստանում, ըստ էության, միակուսակցական խորհրդարան կկազմավորվի՝ միակ քաղաքական միավորի գերակայությամբ: «Իսկ այդ քաղաքական միավորում կգերակայի մեկ մարդ: Չեմ կարծում, որ նման վիճակը երկարաժամկետ կայունություն կապահովի: Մնացյալ բոլոր խորհրդարանական ուժերը հայտարարել են, որ իրենք նման սցենարին պատրաստ չեն: Բայց այն ճնշվում է մոբիլիզացիոն պաշարով, որը Փաշինյանը դեռեւս ունի: Ակնհայտ է, որ եթե խորհրդարանական կուսակցությունները ընտրություններին այսօր պատրաստ չեն, նրանց արդյունքը միանգամայն կանխատեսելի է»,- նշել է երկրորդ նախագահը:

Քոչարյանի կարծիքով՝ արդյունքը ոչ միայն կանխատեսելի է, այլեւ, անկասկած, կանխորոշված. «Ցանկացած հոգեբան ձեզ կասի, որ անհնար է լուրջ որոշումներ կայացնել  էմոցիոնալ գրգռման վիճակում: Սոցիալական հոգեբանությունը պնդում է, որ սա միանգամայն արդարացված է ընդհանրապես հասարակության համար: Այսօր Հայաստանում ընտրազանգվածի մի մասը էյֆորիայի վիճակում է եւ առարկայական բանավեճի պատրաստ չէ, իսկ սա նշանակում է, որ նյարդային որոշումների ընդունման վտանգը կտրուկ մեծանում է»:

Ի պատասխան այն հարցին, թե նախկինում ինքը պնդում էր, որ Փաշինյանը զանգվածային ժողովրդական աջակցություն չունի, իսկ հիմա խոսում է Փաշինյանի մոտ մոբիլիզացիոն պաշարի սռկայության մասին, արդյոք սա նշանակո՞ւմ է տեսակետի փոփոխություն, Քոչարյանը նշել է, որ ապրիլին տեղի ունեցածի ծավալները միանգամայն ուրիշ էին, մարդկանց ջանքերն այդ ժամանակ ուղղված էին այն ժամանակ գործող իշխանության դեմ. «Այդ ժամանակ հենց սա էր հիմնական միավորող սկիզբը: Սակայն իրավիճակի զարգացմանը զուգահեռ՝ գործընթացն ինչ-որ այլ բանի վերափոխվեց: Նույն զանգվածը դարձավ նոր իշխանության ավելի խանդավառ պաշտպանը, քանի որ այն համարում է իր ջանքերի արդյունքը: Սա օբյեկտիվ իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել»: