Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում օրերս տեղի ունեցավ Հայաստանում թավշյա հեղափոխության եւ հաջորդած զարգացումների մասին քննարկում: Բանախոսները ներկայացրեցին իրենց մտահոգություններն ու կարծիքները այս առիթով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Սա լավ հնարավորություն է ամերիկահայ համայնքի համար քննարկել Հայաստանի իրադարձությունները եւ վերաիմաստավորել վերջին 6 ամիսների Հայաստանի զարգացումները, ասում է օրերս մայրաքաղաքի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում հրավիրված քննարկման բանախոսներից մեկը՝ քաղաքագետ Էմիլ Սանամյանը: Հայաստանում թավշյա հեղափոխությանն ու դրան հաջորդած զարգացվումների մասին քննարկման մյուս երկու բանախոսներն էին հեղափոխության մասնակից եւ ակտիվիստ, դոկտոր Ռուզաննա Գրիգորյանն ու հակակոռուպցիոն ոլորտի փաստաբան, նախկին դիվանագետ Արմեն Խարազյանը:

Ռուզաննա Գրիգորյանը մատնանշեց կառավարման այն թերի համակարգն ու կոռուպցիան, որը ձեւավորվել էր նախկին իշխանությունների օրոք՝ հանգեցնելով թավշյա հեղափոխությանը: Նա կարեւորեց նախահեղափոխական շրջանում Հայաստանի քաղաքացիական շարժումները, որոնք նպաստեցին հեղափոխության հաջողությանը:

«Դրանք գրանցեցին մի շարք տեղական հաղթանակներ, սակայն չէին կարող արմատապես փոխել քաղաքական դաշտը Հայաստանում, քանի որ խուսափում էին քաղաքական միավորի վերածվելուց: Սակայն դրանք կարեւոր դեր ունեցան թավշյա հեղափոխության օրերին՝ անհնազանդության խաղաղ ակցիաների կազմակերպման, հանրային տեղեկացվածության մեծացման եւ ինքնակազմակերպման առումով»,- ասում է Գրիգորյանը:

Որպես հեղափոխության հիմնական նպատակ, Գրիգորյանն առանձնացնում է կոռուպցիայի դեմ պայքարն ու օրենքի գերակայության հաստատումը:

Էմիլ Սանամյանի կարծիքով նախկին իշխանությունների հեռացման հիմքում էր Սերժ Սարգսյանի խոստումը վարչապետ չառաջադրվելու մասին, ինչպես նաեւ Սարգսյանի կողմից քաղաքական հետնորդի ընտրության ձախողումը: Ըստ քաղաքագետի, Հայաստանի յուրաքանչյուր իշխանություն զգայուն է արեւմտյան գնահատականների հանդեպ, քանի որ բնական լուրջ պաշարների բացակայության պարագայում զգալիորեն կախված է արտաքին օժանդակությունից: Սա էլ, ըստ Սանամյանի, մարդկային հատկանիշների հետ մեկտեղ սահմանափակում է ուժային միջոցների կիրառումը:

Ապրիլյան զարգացումներն, ըստ Սանամյանի, աննախադեպ էին Հայաստանի համար: Քաղաքագետը ընդգծում է այդ օրերին իշխանության նկատմամբ հանրային վերահսկողության բացակայությունը, որը նպաստեց բողոքի ալիքի զանգվածային բնույթին:

Փաստաբան Արմեն Խարազյանի կարծիքով էլ այսօր հետհեղափոխական Հայաստանի առաջնային խնդիրներից է կայուն արտաքին քաղաքականությունն ու եկամտաբեր տնտեսության կառուցումը:

«Հայաստանին այսօր անհրաժեշտ է եկամտաբեր տնտեսություն, որպեսզի երկիրը կարողանա վճարել Փաշինյանի վարչակազմի հայտարարած արդարադատության ոլորտի բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականութան եւ վստահության մեծացման համար»,- ասում է Խարազյանը:

Նախկին դիվանագետը կարեւորում է տնտեսական եւ քաղաքական դիվերսիֆիկացումը, որն ավելի մեծ հնարավորություններ կստեղծի երկրի համար, ներառյալ էներգետիկ անկախությունը, տեղեկատվական տեխնոլոգինաների զարգացումը, ճկուն ու բազմաբեւեռ արտաքին քաղաքականությունը: Արդյունքներ գրանցելու համար, ըստ Խարազյանի, անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք:

Քաղաքագետ Սանամյանի դիտարկմամբ էլ չնայած Ռուսաստանից կախվածությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցմանը՝ Հայաստանում հնարավոր է կառուցել ժողովրդավարություն:

«Երկար ժամանակ հաշվի առնելով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, գերիշխում էր այն կարծիքը, որ այդ պատճառով անհնար է կառուցել ժողովրդավարություն Հայաստանում: Գարնանային իրադարձություններն ապացուցում են հակառակը եւ որ ընդունված այս մոտեցումը ունի բացառություններ, ի դեմս Հայաստանի»,- գտնում է Սանամյանը:

Ռուզաննա Գրիգորյանն էլ ընդգծեց կրթական ոլորտի բարեփոխումների կարեւորությունը: Վերջին 2 տասնամյակների ընթացքում ոլորտն ավելի շատ հետընթաց է գրանցել Հայաստանում, ուստի, ըստ նրա, այստեղ անհրաժեշտ են խոշոր ներդրումներ՝ քաղաքական նոր մտածելակերպի զարգացմանը նպաստելու համար: