Մենք հուսով էինք, որ այս սահմանը Բեռլինի պատից հետո Եվրոպայի վերջին փակ սահմանն է, որ հայ-թուրքական սահմանը առանց որեւէ նախապայմանների կբացվի: Այս մասին «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Դեսպանի խոսքով, մինչ այդ, թուրքական կողմն, այս հարցը աշխարհաքաղաքական համատեքստում է դիտարկում.

«Դուք գիտեք, որ 2009 թվականին նախորդ կառավարությունը համաձայնել էր ստորագրել նման պայմանագիր:  Այն ստորագրվել էր եւ դիվանագաիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում էր ենթադրում, սակայն այն չմտավ թուրքական խորհրդարան, չվավերացվեց: Հայաստանը հետ կանչեց իր ստորագրությունը: Սակայն հարցն այն է, որ Թուրքիան սահմանների բացումը կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, համարելով, որ միայն այս հակամարտության կարագավորումից հետո կարող է բացվել սահմանը:

Բայց մենք կարծում ենք, որ սա դիվանագիտական ճնշման քաղաքականություն է, որ դրանք չի կարելի իրար կապել, քանի որ դա փոխում է ընդհանուր տարածաշրջանի կառուցվածքը: Ոչնչով չպատճառաբանված, արհեստականորեն ձգձգված թեմա, որն իհարկե, թուրքական դիվանագիտությունն օգտագործում է իր նպատակների համար: Բայց ես կարծում եմ, որ վաղ թե ուշ Թուրքիայում կհասկանան, որ Հայաստանի հետ բարիդրացիականությունը եւ բարի հարաբերությունները բացառապես նրանց շահերից է բխում: Եվ սա ոչ մի կերպ չի կապվում պատմական համատեքստի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Այստեղ գնդակն այնուամենայնիվ թուրքական կողմում  է: Մենք կարծում ենք, որ փակ սահմանի հեղինակները հենց թուրքերն են: Մենք կարծում ենք, որ Թուրքիան վերջ ի վերջո Հայաստանի հետ կառուցողական երկխոսության կձգտի», -նշել է Տողանյանը: