Երբ բոլորն անտարբեր են դառնում, նա չի կորցնում եռանդը եւ շարունակում է պայքարել հանուն միասնության: Այսպես են նկարագրում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին The New York Times-ի խմբագրականում:

Երկուշաբթի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ 2021 թվականին՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտին, կհեռանա քաղաքական դաշտից: Գուցե դա ավելի շուտ տեղի ունենա, եթե ընտրությունները դրանից շուտ կազմակերպվեն, բայց, նրա խոսքով, ահագին ժամանակ կա հետնորդներ փնտրելու եւ պատրաստելու համար: Այդ պատճառով էլ NYTimes-ի խմբագրականն անդրադառնում է Մերքելի քաղաքական անցյալին եւ նրա թողած ժառանգությանը:

Մերքելի մեծության գրավականը նրա գրավչությունը, համարձակությունը կամ շքեղությունը չէ՝ նշում է պարբերականը, քանի որ նա, նախորդի` Հելմուտ Կոլի պես, խոսքով եւ վարքով բավական զուսպ է: Նախորդ ընտրություններում Մերկելի կարգախոսը` «Հանուն Գերմանիայի, ուր կյանքը լավ է եւ հաճելի», մոտավորապես ամփոփում է ընտրողներին “Mutti”-ի (մայրիկ) հետեւից տանող համեստությունը, կայունությունը, պարկեշտությունը եւ ցենտրիզմը`կենտրոնականությունը: Նրա պաշտոնավարման 13 տարիների ընթացքում Գերմանիան ծաղկուն եւ հանդարտ երկիր է եղել` բացառությամբ մի քանի քաղաքական ցնցումների:

Հեղինակների կարծիքով, հենց այդ հանգստության, պարկեշտության եւ կայունության շնորհիվ է, որ Մերկելը դարձել է «ազատ աշխարհի իրական առաջնորդ», մինչդեռ այլուր զարգանում էր պոպուլիզմը, դաժանությունը, իշխանության գլուխ էին գալիս Թրամփը, Պուտինը, իսկ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու որոշում էր կայացնում: Նշվում է, որ Մերքելին այդպես կոչելը գուցե չափազանցություն է, ավելի ճիշտ կլիներ ասել, որ նա հասկացել է, որ ազատ աշխարհն անհրաժեշտ է կարգավորել առանց առաջնորդների:

«Հենց Մերքելն է, որ կարողացել է դեմ առ դեմ դուրս գալ Թրամփին եւ Պուտինին՝ ունենալով գիտական կրթություն եւ լինելով Գերմանիայի առաջին կին կանցլերը, Գերմանիայի դռները մեծահոգաբար (ոմանք սա հիմարություն են որակում) բացել  փախստականների առջեւ եւ երեք անգամ օգնության ձեռք մեկնել Հունաստանի կործանվող տնտեսությանը: Եվ այդ ամենն արել է առանց ավելորդությունների, վերամբարձ խոսքերի եւ անհարկի շտապողականության (merkeln բառն ստացել է «երկմտել» իմաստը)», - գրում են հեղինակները:

Հոդվածում նշվում է, որ հակառակ իր ազգայնական հակառակորդների կարծիքին` Մերկելի սկզբունքային գործելաոճը նաեւ բարոյականության օրինակ է մյուսների համար: Եվ իր բարեգթությանը հակադարձողներին նա պարզապես պատասխանել է “Wir schaffen das”- «Մեզ կհաջողվի անել դա» արտահայտությամբ:

Արտաքին քաղաքականության մեջ Մերկելը, հեղինակների համոզմամբ, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ միջազգային համակարգի կարգուկանոնի պահպանման գլխավոր ջատագովներից է եղել: Pew Research Center-ի հրապարակած տվյալներով՝ հարցվողների 52%-ը վստահում է Մերքելին. սա գերազանցում է Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների ցուցանիշները:

Այս ամբողջը, ըստ խմբագրականի, դժվարացնում է նրա հետնորդների գործը, քանի որ Մերկելից հետո ակնկալիքները խիստ բարձր են լինելու:

Մերկելը, սակայն, ճիշտ է վարվում հեռանալով՝ կարծում են հեղինակները: Պաշտոնը ստանձնելիս Մերքելն ասել է, որ չի ցանկանում ծեր ժամանակ լքել քաղաքականությունը: «Վերջերս նա եւ իր թիմը, կարծես, հոգնած են երեւում: Հասարակական կարծիքի ցուցանիշները նրա հանդեպ նվազում են. 13 տարին բավական է քաղաքական լիդերության համար: Լավագույն առաջնորդները գիտեն` երբ պետք է հեռանալ», - եզրափակում են հեղինակները: