Անասնաբույժները Թբիլիսիի կենդանաբանական այգում սկսել են 23-ամյա Գրանդ փղի վիրահատությունը՝ պետք է հեռացնեն նրա երկրորդ ժանիքը, փոխանցում է «Sputnik-Գրուզիան»:

Առաջին կոտրված ժանիքը հեռացվել էր 4 տարի առաջ: Այդ ժամանակ Գրանդը թբիլիսցիներին ստիպել էր նյարդայնանալ, որոնք վիրահատությանը հետեւում էին առցանց:

«Հարավային Աֆրիկայից եկել են վիրաբույժ ստոմատոլոգը եւ անեսթեզիոլոգը: Նրանք հատկապես փղերի հետ աշխատելու ահռելի փորձ ունեն: Անկասկած, ներգրավված են նաեւ մեր անասնաբույժները: Վիրահատության ժամանակ կաշխատի նվազագույնը 10 մարդ»,- լրագրողներին ասել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:

Այս պահին փղին արդեն անեսթեզիա են կատարել, եւ վիրահատությունը սկսվել է:

Վիրահատության ընթացքին հետեւող լրատվամիջոցների համար խիստ կարգավորումներ են սահմանվել: Դրանք անհրաժետ են անասնաբույժների համար առավելագույն խաղաղ աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար:

Մի ժանիքի հեռացումը տեւում է մի քանի ժամ, իսկ նարկոզի տակ նման խոշոր կենդանու երկար մնալը բավականին վտանգավոր է: Դեպքեր են պատահել, երբ վիրահատության ավարտից հետո չի հաջողվել փղին նարկոզից հանել, եւ կենդանին սատկել է:

Վեց տոննա կշռող Գրանդին Թբիլիսի էին բերել 2014 թվականի հունիսին Երեւանից: Այդ ժամանակ Թբիլիսիի եւ Երեւանի կենդանաբանական այգիները որոշել էին «փոխանակություն» կատարել՝ թբիլիսյան Մալկե էգ փղին փեսացու էր պետք: Իսկ նրա որդին՝ 6-ամյա Բունկան Երեւան է ուղեւորվել Գրանդի փոխարեն: