Բրիտանացի գրող Քրիս Մքնաբը «Ուրվական քաղաքներ» (Ghost Towns) վերնագրով գիրք է հրատարակել, որտեղ գրում է հրաբշային ժայթքումների, երկրաշարժերի կամ միջուկային աղետների հետևանքով ամայացած քաղաքների մասին: Դրանց շարքում է նաև Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին` իր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիով: Այս մասին The Sun բրիտանական կայքում պատմում է Անաբել Մըրֆին:  

Գրքում տեղակայված նկարներում պատկերված է այժմ Թուրքիայի սահմաններում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, կամ այն, ինչ տարիների ընթացքում եղանակի ազդեցությունից հետո պահպանվել է: Նշվում է, որ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1035 թվականին, և ապա մի քանի անգամ պատմության ընթացքում վերանորոգվել է: Սակայն 18-րդ դարի կեսերին Սուրբ Ամենափրկիչն ու ողջ Անին ամայացել են:

Հեղինակի խոսքով` եկեղեցու արևելյան հատվածի ամբողջական կործանումը հավանաբար տեղի է ունեցել 1957 թվականին: Տեղի բնակիչները հիշում են, որ այդ ժամանակ մի օր ուժգին փոթորիկ է եղել, որից հետո ուժեղ քարի հարվածի ձայն են լսել. երևի դա լքված կառույցի ձայնն էր:

Բացի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, հեղինակը անդրադառնում է Անի քաղաքին և այնտեղի Տիգրան Հոնենց կամ Սուրբ Գրիգոր եկեղեցուն` որպես հազվագյուտ ազդեցիկ կրոնական կառույցի: Նշվում է, որ եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում Ախուրյանի կիրճի վերևում: Ներսում տպավորիչ որմնանկարներ են` երկու հիմնական թեմաներով. Քրիստոսի կյանքը և սբ. Գրիգոր Լուսավորչի կյանքը:

Հեղինակը գրում է, որ Անին հայկական ավերված քաղաք է, որն այժմ գտնվում է Թուրքիայի Կարս նահանգում: Նա նաև նշում է, որ Անին հիմնադրվել է 5-րդ դարում և ծաղկում ապրելով 10-րդ և 11-րդ դարերում դարձել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը, որից հետո պատերազմների և ժամանակի ազդեցությամբ 17-րդ դարում վերածվել ավերակների:

Անիից բացի` գրքում ներառված ուրվական քաղաքների շարքում են Աղդամը, Աբխազիայում Պոլյանան, Տկվարչելին, Թուրքիայում Կարակոյ նախկին հունական գյուղը և մի շարք այլ վայրեր: Վերջում անդրադարձ է կատարվում Սիրիայի Հոմս բնակավայրին, և պատկերներում երևում է ալ Խալիդիյայի շրջանում ներկայումս առկա ավերածությունը: