Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման արդյունքում պատանդ պահված, ֆիզիկական կամ մարմնական վնաս կրած տուժողների իրավունքները չեն անտեսվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

«Նախատեսել ենք սպանվածների, պատանդառուների, ֆիզիկական կամ մարմնական վնաս կրած անձանց իրավուքնների պաշտպանությունը, եթե նրանք առարկեն՝ ապա այս համաներումը չի կիրառվի, մենք չենք կարող անտեսել նրանց իրավունքները»,–ասաց նա։

Զեյնալյանը նշեց, որ համաներման նախագծում փորձել են հավասարակշռություն ապահովել։

Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքի նախագծով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով  հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, ովքեր չեն մեղադրվում սպանություն կատարելու մեջ եւ եթե համաներման  դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ ֆիզիկական վնաս կրած տուժողները:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Երեւանի 2800-ամյակին եւ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համաներման մասին օրենքի նախագիծը:

Համաներումը տարածվելու է ավելի քան 6500 քաղաքացիների վրա։