Հայաստանում համաշխարհային գաստրոտուրիզմի առաջատարներից մեկը դառնալու համար բոլոր օբյեկտիվ պայմանները կան: Նոյեմբերի 2-ին Yerevan Food Fest միջազգային գաստրոփառատոնի շրջանակներում «Գաստրոնոմիկական զբոսաշրջությունը Հայաստանում» համաժողովին ասաց Միջազգային էնոգաստրոնոմիկական կենտրոնի նախագահ Լեոնիդ Գելիբտերմաը:

Փորձագետը նշեց, որ զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության այն քիչ ուղղություններից է, որը 2009-ի գլոբալ ճգնաժամից հետո, արդեն 8 տարի անընդմեջ կայուն աճ է արձանագրում: 2017-ի արդյունքներով միջազգային ժամանումների քանակը գերազանցել է 1.3 մլրդ-ն, ընդ որում Եվրոպան 617 մլն ցուցանիշով առաջատար է: ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWT) տվյալներով համաշխարհային զբոսաշրջային ոլորտը օրական մոտ 4 մլրդ դոլար է բերում: Զբոսաշրջությունն ընդ որում համաշխարհային ՀՆԱ-ի 10 տոկոսն է, առեւտրի 7 տոկոսը եւ աշխարհում ամեն 11-րդ աշխատատեղը:

«Հայաստանը եւ Ռուսաստանը UNWT-ի անդամներ են, սակայն երկու պետությունները շատ ակտիվ չեն աշխատում այս կազմակերպության հետ», - ասաց Գելիբտերմանը:

Երկրների եւ տարածաշրջանների միջեւ զբոսաշրջիկների համար աճող մրցակցության պատճառով տեղական մշակութային յուրօրինակ ժառանգությունը, ներառյալ տեղական խոհանոցը եւ տարածաշրջանային արտադրանքը, դառնում են առավել կարեւոր: Հետեւաբար, դա խթան է հանդիսանում գաստրոտուրիզմի զարգացման համար:

UNWT-ի համաձայն գաստրոտուրիզմի տարեկան աճը կազմում է 10-12 տոկոս: «Զբոսաշրջության ոչ մի տեսակ նման աճ չի ապահովում», - ընդգծեց փորձագետը:

Խոշոր հետազոտության արդյունքներով, որը ուսումնասիրել է աշխարհի ավելի քան 100 երկիր, հարցվածների 84 տոկոսը երկների այցելությունը դիտարկում է ազգային խոհանոցի տեսանկյունից, հարցվծաների 55,7 տոկոսը փոխել է երկրի մասին կարծիքը՝ փորձելով ազգային խոհանոցը:

«Վերջին ցուցանիշը երկկողմանի է, այսինքն մարդը կարող է իր վերաբերմունքը ոչ միայն դեպի լավը, այլ դեպի վատը փոխել», - նկատեց նա:

Ասելով, որ սնունդը մշակութային երեւույթ է՝ Գելիբտերմանը նշեց, որ արդեն քանի տարի է տեղական մթերքների հանդեպ մեծ հետաքրքրություն է դիտվում: Գաստրոտուրիզմի զարգացմանը նպաստող գործոնների թվում նշվեցին Համացանցը եւ հեռուստատեսությունը, որոնք մեծացնում են աշխարհի տարբեր երկրների ազգային խոհանոցների մասին իրազեկվածությունը, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը, վիզային ռեժիմի դյուրացումը:

«Եվս մեկ կարեւոր գործոն է աստղային շեֆը, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում, քան քաղաքական գործիչներն ու փոփ աստղերը: Որպես օրինակ կարելի է նշել Գորդոն Ռամզիին եւ Ջեյմի Օլիվերին, որոնց շնորհիվ միլիոնավոր մարդիկ հետաքրքրությամբ են համակվում այս կամ այն ազգային խոհանոցի հանդեպ»,- ասաց նա:

Փորձագետը նշեց, որ գաստրոտուրիզմի հիմքը տարածաշրջանային մթերքներն են: «Հայաստանը մի քանի տարի առաջ ընդունեց «Աշխարհագրական նշումների մասին» օրենքը: Հարկ է ուշադրություն դարձնել այս օրենսդրական հիմքի վրա եւ նրա հնարավորություններն օգտագործել»,- ասաց նա՝ հավելելով, որ գաստրոտուրիզմը կարող է դառնալ շատ մարզերի եւ կոնկրետ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման լոկոմոտիվը:

Գելիբտերմանը խորհուրդ տվեց Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման գործի մեջ ներգրավել աստղային անհատների, հայտնի հայրենակիցների, ինչպես նաեւ Սփյուռքի ներկայացուցիչների:

Yerevan Food Fest-ը մեկնարկել է նոյեմբերի 1-ին: Այս տարի նրա գլխավոր թեմաներն են Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակը, ինչպես նաեւ քաղաքային գաստրոմշակույթի զարգացումը: Փառատոնի շրջանակում կանցկացվեն «չորս ձեռքի ընթրիքներ», վարպետության դասեր եւ այլ միջոցառումներ: Yerevan Food Fest-ը կտեւի մինչեւ նոյեմբերի 6-ը: