ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ։ Հրավերի նախաձեռնությունը Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնինն (EPIC) ու «Speak up» ուսանողական ակումբինն էր։

Բաց երկխոսության սկզբում Հակոբ Արշակյանը պատմել է որպես ինժեներ իր փորձառության, մասնագիտական փուլերի եւ նախարար դառնալու որոշման մասին։

Զրույցի առանցքային թեման էր Հայաստանը`որպես տեխնոլոգիական երկիր, սակայն չշրջանցվեցին նաեւ տրանսպորտի եւ ճանապարհաշինության ոլորտները։

Նախարարի պաշտոնակատարն առանձնացրեց մի քանի սկզբունքներ, որոնք նախարարությունը որդեգրել է տեխնոլոգիական ոլորտի արագընթաց զարգացմանը նպաստելու համար. միջազգային ընկերությունների ներգրավումը Հայաստան, կրթական ու հետազոտական ծրագրերի աջակցումը` դրամաշնորհների տեսքով եւ մեծ վենչուրային ֆոնդի ստեղծումը, որից հնարավորություն կունենան օգտվելու ոչ միայն հայաստանյան, այլեւ տարածաշրջանի տեխնոստարտափերը։

Հարցին, թե ինչը ստիպեց Հակոբ Արշակյանին թողնել բարձր վարձատրվող հաջողակ կարիերան, նա պատասխանեց, որ խնդիրը մտածողության մեջ է։ «Ես չեմ անվանի դա հայրենասիրություն, դա ավելի շատ ընդհանուրի եւ բոլորի մասին մտածելու կարողությունն է։ Եվ, առհասարակ, բոլորին եմ խորհուրդ տալիս մտածել ոչ թե սեփական անձի, իր նեղ շրջապատի, այլ մարդկանց մասին. սա է առաջնորդությունը եւ սա է, որ պիտի մեզ հաջողության տանի։ Կարծում եմ` որպես այս ոլորտի նախարար՝ կարող եմ ավելի մեծ արժեք ստեղծել, քան որեւէ ընկերությունում որպես ինժեներ աշխատելով»,- ասաց նա։

ՏՀՏ ոլորտի մասնագետների պատրաստման գործում նախարարի պաշտոնակատարը կարեւորեց բուհերում մասնավոր ընկերությունների ներգրավման գործոնը։

«Հիմա մի քանի խոշոր ընկերություններ իրենց սեփական կրթական ծրագրերն են իրականացնում, բայց կարծում եմ, որ եթե բուհերի հետ սերտ համագործակցություն լինի եւ նույն միջոցներն ուղղվեն կրթական հաստատություններ, ավելի մեծ արդյունք կստանանք»,- մեկնաբանեց Հակոբ Արշակյանը։

Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցերին` նա նշեց, որ ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք կա։ Տրանսպորտային համակարգի կենտրոնացումը նախարարության առաջնահերթություններից է։ Ներկայում իրականացվում են ուսումնասիրություններ, հաշվարկներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի կազմել այն օպտիմալ ծրագիրը, որով մեր ուղեւորներին որակյալ տրանսպորտային ծառայություններ կտրամադրվի` անկախ նրանից, թե  Հայաստանի որ քաղաքում ու գյուղում են նրանք ապրում։