Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով վիրավորված զինծառայողներին տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ եւ Գորիսի ԲԿ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նախնական տեղեկություններով՝ տուժած զինծառայողներից  մեկը ունի կոտրվածքներ.

«Ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,–գրել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։

Վթարի հետեւանքով զոհվել են 20–ամյա զինծառայողներ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը (2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ), Հրանտ Արայի Գասպարյանը, (2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ), Էդգար Արմենի Հունանյանը (2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ), Դավիթ Բենիամինի Մելքոնյանը (2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ)։