Կինը այրվածքներ է ստացել գիշերը լիցքավորման ժամանակ հանկարծ բռնկված iPhone X-ից։ Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է Reddit ֆորումում, որտեղ, որպես ապացույց, լուսանկարներ են տեղադրվել՝ տեղեկացնում է Oane-ն։

Օգտատերը հայտնել է, որ իր քույրը սարքը միացրել է, որպեսզի լիցքավորվի, եւ պառկել է հանգստանալու։ iPhone X-ը նրա կողքին է եղել, երբ հանկարծ բռնկվել է։ Համացանցում հրապարակված լուսանկարներից դատելով՝ սարքը այրվել է մարտկոցի գերտաքանալու հետեւանքով լարի այրման պատճառով։ Բացառված չէ, որ այն շատ հին է եղել, եւ կարճ միացում է տեղի ունեցել։

iPhone X-ի սեփականատերը արտադրողին դատի տալ չի պատրաստվում, սակայն նա հայտարարել է, որ Apple-ի սարքերը նույնքան վտանգավոր են, որքան Samsung-ինը։ Թե ինչ աստիճանի վնասվածքներ է ստացել կինը, չեն հայտնում։