Մարտի 1–ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու մեջ մեղադրվող, գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին NEWS.am–ին ասաց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Սպասում ենք Վերաքննիչի որոշմանը, որից հետո կլինեն մեր համապատասխան գործողությունները։ Բողոքարկել ենք նաեւ հետախուզում հայտարարելու մասին որոշումը, սակայն պատասխան դեռ չենք ստացել»,– ասաց նա։

Միհրան Պողոսյանը նշեց, որ ամեն դեպքում Վահագն Հարությունյանը Հայաստան չէր վերադառնալու մինչեւ բուժման կուրսի ավարտը. «Երբ կավարտի բուժումը, ես որպես պաշտպան խորհուրդ եմ տալու իրեն՝ որոշում կայացնելիս հաշվի առնել դատական համակարգում տիրող իրավիճակը, այն ճնշումները, որոնք իրականացվում են դատական համակարգի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու Հարությունյանի նկատմամբ խափանման միջով ընտրել կալանավորումը։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ նախկին պաշտոնյան գտնվում է հետախուզման մեջ։ Մինչդեռ Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ ինքը քննիչին անձամբ է հայտնել իր գտնվելու վայրի մասին եւ որ գտնվում է բուժման մեջ։