Կուբայի Բրիոնես Մոնտոտո նահանգում երկգլխանի կրիա են հայտնաբերել՝ տեղեկացնում է Granma-ն։

Սողունը, որը 1 ամսական է, երկու գլուխ ունի, չորս առջեւի եւ երկու ետեւի թաթեր, երկու պոչ, ինչպես նաեւ՝ սերտաճած երկու պատյան։

Չնայած մարմնի ընդհանուր մասերին, դրանք երկու տարբեր օրգանիզմ են՝ տարբեր ֆիզիոլոգիաներով։

Կրիային գտել է տեղի բնակիչ Օսվալդո Լոպես Ռոմերոն, երբ ձկնորսության համար որդ էր հավաքում ոչ մեծ ջրամբարի ափին։ «Սկզբում ես կարծեցի, թե կրիան չի ապրի։ Թվում էր, թե նա հենց նոր է ձվից դուրս եկել, պատյանի վրա ձվի կեղեւի հետքեր կային»,- ասել է Ռոմերոն։ Այժմ կենդանու կյանքին ոչինչ չի սպառնում։ Նա սնվում է որդերով, հացով, ձկով, հավի մսով՝ պատմել է տերը։

Երկգլխանի կրիաներ բնության մեջ հազվադեպ են պատահում, մեծ մասամբ նրանք սատկում են դեռեւս չծնված։

Ռոմերոն ասել է, որ չի պատրաստվում վաճառել կրիային, բայց կարող է տալ կենդանիների պաշտպանության որեւէ հիմնադրամի, որտեղ սողունը անվտանգության մեջ կլինի։