«Սինհուա» լրատվական գործակալությունը եւ չինական Sogou համացանցային ընկերությունը ներկայացրել են արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված առաջին թվային հեռուստահաղորդավարին: Հինգշաբթի Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ շնորհանդեսը տեղի է ունեցել Ուչժեն քաղաքում անցկացված համացանցի կառավարման 5-րդ համաշխարհային համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մշակողների պարզաբանմամբ՝ բավական է ծրագիր ներբեռնել ողջ մարդու մասնակցությամբ տեսանյութ, որից հետո արհեստական ինտելեկտը ինքնուրույն վերլուծում է նրա միմիկան, խոսելու եղանակը, ժեստերը, ինչպես նաեւ ձայնը եւ զգացումները: Այնուհետեւ այս տեսանյութի հիման վրա կստեղծվի թվային մոդելը, որը հոլոգրամի տեսքով կարելի է օգտագործել հեռուստահաղորդում պատրաստելիս: Այսպիսի թվային լրագրողի համար անհրաժեշտ է եթերի նկարահանումից առաջ միայն պատրաստի տեքստը ներբեռնել, որից հետո հոլոգրամը ինքն այն կկարդա մարդու կամ ընտրված ցանկացած ձայնով՝ այդ ընթացքում պատճենելով «նախնական» իրական կերպարի ժեստերն ու միմիկան:

Ծրագրի պրեմիերայի համար ընտրվել էր չինացի հայտնի հեռուստահաղորդավար Ցյու Հաոյի կերպարը: Շնորհանդեսի ժամանակ նրա հոլոգրաֆիական «կրկնակը» ինքնուրույն պատմել է տեխնոլոգիայի հեղինակների եւ դրա առանձնահատկությունների մասին:

Մշակողները նշում են, որ այսպիսի «արհեստական» հեռուստահաղորդավարները կարող են 24 ժամ աշխատել եւ առանց հանգստյան օրերի: