Չինաստանի երկչոտությունից և Եվրոպայի տարակարծությունից օգտվելով` Թրամփն ուզում է չեզոքացնել ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ ընդհանուր բողոքը: Այս մասին Bloomberg-ում գրում է Իրանի և Եվրոպայի միջև բիզնես դիվանագիտության Bourse & Bazaar կոչվող ընկերության հինադիր Էսֆանդյար Բաթմանղելիջը:

Նրա խոսքով` Իրանի համար պետք է, որ հրաշալի նորություն լինի այն, որ Թրամփի վարչակազմը 8 երկրի ազատել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներից: Դրանով Իրանը հնարավորություն է ստանում շատ ավելի մեծ ծավալներով նավթի վաճառք ապահովել, քան որ հաշվարկել էին որոշ վերլուծաբաններ, երբ Թրամփն առաջին անգամ հայտարարեց պատժամիջոցների մասին:

Առաջին հայացքից թվում է, թե Թրամփի վարչակազմը հասկացել է, որ իրանական նավթի վրա չափազանց խիստ ճնշում գործադրելով՝ նավթի գները չափից շատ կբարձրանան, որից էլ կտուժեն ամերիկյան դիվանագիտական դիրքերը ողջ աշխարհում: Սակայն, ըստ հեղինակի, եթե ուշադիր նայենք, ապա կհասկանանք, որ վարչակազմը շատ նուրբ մոտեցում է ցուցաբերել: Չինաստանի, Իտալիայի և Հունաստանի ընդգրկումն այդ ութնյակում կբարդացնի իրանական նավթի արտահանման քաղաքականությունը, և կթուլացնի ԱՄՆ պատժամիջոցների դեմ միջազգային ջանքերը:

Փորձագետի կարծիքով` Թեհրանը հույս ուներ, որ Չինաստանը ակնհայտ կերպով կհակառակվի ԱՄՆ-ի պատժամիջոցներին, սակայն այժմ չինացի պաշտոնյաներն ու բաժնետերերը առավել զգուշավորություն կցուցաբերեն: Չինաստանը չի ցանկանում Իրանի պատժամիջոցների շուրջ հակասությունները գումարել ԱՄՆ-ի հետ իր խնդիրներին: Երկուշաբթի Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյինգը մամուլի ասուլիսի ժամանակ միայն ասել է, որ «Չինաստանը միշտ դեմ է միակողմանի պատժամիջոցներին և ներքին պետական օրենսդրության տարածմանը արտաքին աշխարհում»:

Իրանը Չինաստանի համար շահութաբեր շուկա է, սակայն չի բացառվում, որ շուտով նոր, ավելի մեկուսացած շուկա գտնվի, որի հետ կարելի է ոչ նավթային առևտրով զբաղվել: Սակայն առայժմ պատժամիջոցները կարող էին վնասել չինական բանկային համակարգին, մինչև որ այն կհասցներ նոր շուկա փնտրել:

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա հեղնակը զարմանալի է համարել փաստը, որ Իտալիան և Հունաստանը հայտնվել են այդ ցուցակում, երբ մյուս երկրների հայտերը մերժվել են: Գերմանիային, Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն ասել էր, որ բացառություններ կարվեն միայն մարդասիրական օգնության փոխադրման համար: Մինչդեռ անցյալ ուրբաթ հարցազրույցում Պոմպեոն ասել է, որ Եվրամիությունը արտոնագր չի ստանա:

Իսկ Իտալիայի և Հունաստանի արտոնագրերը, ինչպես գրում է հեղինակը, անհարմար դրության մեջ դրեցին Եվրամիության երկրներին. նրանք ջանում էին նավթի անընդհատ ներմուծում ապահովել Իրանից, որով էլ կկարողանային պահպանել միջուկային համաձայնագիրը:

«Թրամփի վարչակազմը, օգտվելով Եվրոպայի տարակարծությունից և Չինաստանի երկչոտությունից, չի գնում առաջին հայացքից ակնհայտ թվացող զիջումներին»,- գրում է հեղինակը: