Գրանդ անունով ասիական փիղը բարդ վիրահատության է ենթարկվել Թբիլիսիի կենդանաբանական այգում. չորս ժամ տեւողությամբ վիրահատության ընթացքում կենդանաբույժները հեռացրել են կենդանու փղոսկրը, քանի որ այն ամբողջությամբ թարախակալված է եղել, հաղորդում է Econews.am-ը:

Քսաներեքամյա կենդանին Թբիլիսի էր տեղափոխվել 2014թ.-ին Երեւանի կենդանաբանական այգուց: Այդ ժամանակ կենդանու երկու ժանիքներն էլ կոտրված էին, ինչպես նաեւ ընթանում էր բորբոքման գործընթաց: 2014թ.-ին բրիտանացի կենդանաբույժները հեռացրել են մեկ ժանիքը, սակայն առաջացել են որոշակի բարդույթներ, ինչի հետեւանքով կենդանին ստիպված է եղել սպասել 4 տարի հաջորդ ժանիքը հեռացնելու համար: 

Վերջին վիրահատությունն իրականացվել է Հարավային Աֆրիկայի կենդանաբույժների խմբի կողմից: Գերհարդ Սթենկամպը եւ Ադրիան Թորդիֆն աշխատել են ավելի քան 4 ժամ թարախակալված փղոսկրը հեռացնելու համար: Կենդանաբույժները նշում են, որ վիրահատությունն իրականացնելն անչափ կարեւոր էր, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է կենդանու մոտ արյան վարակում սկսվեր եւ նա մահանար:

Ինչպես նշել են վիրահատող կենդանաբույժները, վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն կենդանուն երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար: Անցքն ամբողջությամբ փակվելու եւ վերականգնվելու համար կպահանջվի 12-18 ամիս: Վիրահատությունից անմիջապես հետո փիղը ոտքի է կանգնել եւ քայլել: