Հոնկոնգը արգելել է Ասիայում Financial Times-ի խմբագիր Վիկտոր Մալետի մուտքը քաղաք որպես այցելու այն բանից հետո, երբ իշխանությունները հոկտեմբերին հրաժարվել են երկարացնել նրա աշխատանքային վիզան, գրում է Reuters-ը:

Financial Times-ում հայտնել են, որ հինգշաբթի Մալետը փորձել է որպես այցելու մուտք գործել Հոնկոնգ, սակայն սահմանի մոտ հետ է շրջվել այն բանից հետո, երբ ներգաղթային ծառայության սպաները նրան մի քանի ժամ հարցաքննել են:

Reuters-ը հաղորդում է, որ Մալետը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը:

Հոնկոնգի կառավարությունը հայտարարել է, որ այս գործը մամուլի ազատության հետ որեւէ կապ չունի:

«Ուսումնասիրելով մուտքի թույլտվությունները, մենք գործելու ենք օրենքի համաձայն եւ այդ հարցերը լուծվում են ներգաղթային քաղաքականությանը համապատասխան», - նշվում է քաղաքի իշխանությունների հայտարարությունում:

Վերլուծաբանները կարծում են, որ Financial Times-ի խմբագրի դեպքը նախկին բրիտանական գաղութի մասին քննադատության եւ այլախոհության նկատմամբ Հոնկոնգի իշխանությունների կոշտ քաղաքականության օրինակ է:

Ինչպես նշում է թերթը, Մալետի դեպքում կառավարությունը հրաժարվել է երկարաձգել նրա վիզան` Հոնկոնգի օտարերկրյա թղթակիցների ակումբում կազմակերպած ակտիվիստների հանդիպումից հետո, որը կտրուկ քննադատության էր արժանացել Չինաստանի եւ Հոնկոնգի իշխանությունների կողմից: