Արեւային էներգիայով արտադրության կազմակերպման խնդրի լուծման համար համապատասխան օրենսդրական բազա է պետք: Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչ խոչընդոտներ կան  Հայաստանում այս ոլորտի զարգացման համար:

Փորձագետը նշեց, որ այսօր շարունակվում է երկրից մասնագետների արտահոսքը, քանի որ պետությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում այդ ոլորտին:

«Իշխանությունները պետք է հասկանան, որ գիտությունը եւ տեխնոլոգիաները չեն կարող սպասել, մինչեւ կավարտվեն խորհրդարանական ընտրությունները: Մեկը մյուսին չի խանգարում: Դրա համար քաղաքական կամք է պետք», - նշեց նա:

Վահան Համազասպյանը նշեց, որ առանց համապատասխան իրավական կարգավորման եւ պետության մոտեցման էներգետիկայի նման պահանջված ոլորտի զարգացումն անհնար է:

Նա ընդգծեց հայկական սփյուռքի ներուժի ներգրավվման կարեւորությունը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել համազգային ծավալի արտադրություն: