ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության  պատվիրակությանը, որը գլխավորում էր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը եւ ԳԶՀ խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաքելության նպատակն էր քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ  փորձացուցադրական տնտեսության հիմնման հնարավորությունը: Ակնկալվում է, որ այդ տնտեսության հիմնական շահառուները կլինեն  ոչ միայն գյուղատնտեսները, այլեւ Ազգային ագրարային համալսարանի ուսանողները: Ուսուցմանը եւ խորհրդատվությանը զուգահեռ ֆերմերներն այստեղ հնարավորություն կունենան դիտարկել ցուցադրական դաշտերը, տեղում ծանոթանալ նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությանը, իսկ  ուսանողները կանցկացնեն իրենց արտադրական պրակտիկան:

Ողջունելով հյուրերին` Գեղամ Գեւորգյանն ընդգծել է, որ արգենտինական կողմը մեծապես աջակցում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը եւ ընդգծել, որ այս հարցում Արգենտինայի հարուստ փորձն ու կիրառվող տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել հայ ֆերմերների համար:

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան իր հերթին նշել է, որ այս նախագծի շրջանակում արդեն իսկ ձեւավորվել է հայ-արգենտինական ընդհանուր թիմ, որն ակտիվորեն աշխատում է ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ:  Նրա խոսքով` ծրագիրն ընթանալու է երկու հիմնական փուլերով` ենթակառուցվածքային համակարգերի ներդրում եւ խորհրդատվական ծառայությունների մատուցում: Դեսպանը նաեւ վստահեցրել է, որ բարեհաջող ընթացքի դեպքում ծրագրի շրջանակները կընդլայնվեն:

Արգենտինական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերել նաեւ խաղողագործության ոլորտում երկկողմ համագործակցությամբ: Գեղամ Գեւորգյանն առաջարկել է սերտորեն համագործակցել  Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ՝ շեշտելով, որ խաղողագործությունը Հայաստանի առաջնահերթ ուղղություններից է։